ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հնարավոր է, որ շատ կարճ ժամանակում արտակարգ դրություն սահմանելու առնչությամբ ԶԼՄ-ների սահմանափակումները հանվեն։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նման հայտարարություն արեց Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։
«Խմբագիրների հետ հանդիպում է եղել և դեռևս չգիտեմ՝ ինչ են եզրակացրել, բայց կարծում եմ՝ հնարավոր է ԶԼՄ-ների սահմանափակումները հանվեն»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` արտակարգ դրության պայմաններում էական ազդեցություն ունեցող ապատեղեկատվությունը շատ վտանգավոր է, և այն կարող է խուճապային տրամադրություններ ստեղծել։ Ըստ փոխվարչապետի` այս փուլում առկա են բոլոր կանխարգելիչ գործիքները՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։
Ինչպես է պետությունն ուզում աջակցել տնտեսվարողներին. Փաշինյանը նախագիծ է ներկայացրել
Նա նշեց նաև, թե չի կարծում, որ պարետատան, Առողջապահության նախարարության կամ էլ վարչապետի հայտնած տեղեկությունների նկատմամբ անվստահություն կա։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված` մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն, որի ընթացքում` մինչև ապրիլի 14-ը, սահմանափակումներ կան լրատվամիջոցների նկատմամբ։ Ըստ այդմ` վիրուսի նոր դեպքերի, վարակված անձանց մասին, ինչպես նաև խուճապ առաջացնող տեղեկություններ տարածելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով։
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է։