ԵՐԵՎԱՆ, 20 մարտի –Sputnik. Կենտրոնական բանկը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ հայաստանյան բանկերն ու վարկային կազմակերպությունները հրաժարվում են արտակարգ դրությամբ պայմանավորված վարկային վճարման հետաձգումներ տրամադրել վարկառուներին: Այս մասին այսօր` մարտի 20-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:
Նա հիշեցրեց, որ ԿԲ-ում գործում է թեժ գիծ այն քաղաքացիների համար, որոնք դժվարությունների են հանդիպում իրենց բանկերի կամ վարկային կազմակերպությունների հետ վարկային վճարումները հետաձգելու շուրջ:
«Բավական շատ զանգեր են ստացվում՝ կապված անհամաձայնությունների հետ, և մենք կարողանում ենք հարթել այդ անհամաձայնությունները: Առաջին 2 օրերին օրական շուրջ 400 զանգ էր ստացվում: Բայց հիմա զանգերն աստիճանաբար պակասում են, ինչը նշանակում է, որ խնդիրն արդեն կարգավորվում է»,- ասաց Ստեփանյանը:
Sputnik Արմենիայի հարցին, թե անցած 4 օրվա ընթացքում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպություններն ընդհանուր առմամբ քանի՞ վարկառուի են վարկային վճարման հետաձգում տրամադրել, և կա՞ն բանկեր ու վարկային կազմակերպություններ, որոնք ընդհանրապես հրաժարվել են այդ գործիքը կիրառելուց, Արթուր Ստեփանյանը պատասխանեց, որ Կենտրոնական բանկը նման վիճակագրություն չունի և կարող է տրամադրել միայն իր թեժ գծին ստացված զանգերի վիճակագրությունը։
Հիշեցնենք՝ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո Բանկերի միությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ բանկերը վարկային պարտավոությունների հետաձգման հարցում կայացնելու են անհատական որոշումներ: Որոշ բանկեր իրենք հանդես եկան հայտարարությամբ, որ պատրաստ են հետաձգել իրենց վարկառուների վարկային վճարումները:
Բանկերն այնպես կանեն, որ հաճախորդները չկանգնեն վարկերի մարման խնդրի առաջ. Փաշինյան