Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Թրևլ-բլոգերի կյանքը հետաքրքիր է և անկանխատեսելի, լի է վառ տպավորություններով ու հետաքրքիր հանդիպումներով։ Երբեք հնարավոր չէ կանխատեսել՝ ինչի կարող է հանգեցնել հերթական ծանոթությունը կամ նոր ուղևորությունը։ Հնարավոր է՝ հենց դա է պատճառը, որ բոլոր ճամփորդող բլոգերները յուրահատուկ մարդիկ են։
Մեգան Սթարը հենց այդպիսին է։ Նա ժպտերես է ու դրական, իր էությամբ ասես արդարացնում է «աստղ» ազգանունը (ճիշտ է՝ անգլերենով նրա ազգանունը երկու «r»-ով է գրվում, բայց ո՞վ է նման մանրուքներին ուշադրություն դարձնում)։
Նա չի համարում, որ իր տունը միայն իր ծննդավայրն է՝ Փիթսբուրգի հարևանությամբ գտնվող մի քաղաք։ Նա իր տունն է համարում նաև Երևանը, որի գոյության մասին մինչև վերջերս չգիտեր։
Ճակատագրական ճամփորդություն
«Այն ժամանակ Նորվեգիայում էի ապրում, բլոգինգով էի զբաղվում։ Համացանցում ծանոթացա Զառա անունով մի աղջկա հետ։ Նա հայուհի է, նույնպես բլոգեր։ Փոքր տարիքում Զառան ընտանիքով ԱՄՆ է տեղափոխվել, բայց անչափ սիրահարված է իր հայրենիքին։ Նա ինձ համոզում էր անպայման Հայաստան այցելել»,-ասում է Մեգանը։
Դա 2013 թվականն էր։ Երիտասարդ ամերիկուհին նորվեգացի ընկերոջ հետ Հայաստան էր եկել ու բնակվում էր Կոմիտասի պողոտայում՝ Զառայի բարեկամների տանը։
«Դա լրիվ սյուրռեալիստական էր։ Մենք Զառայի հետ մինչ այժմ չենք հանդիպել, բայց ես լավ ճանաչում եմ Հայաստանում ապրող նրա բարեկամներին։ Այդ ուղևորության ժամանակ ծանոթացա երկրին ու սիրահարվեցի։ Առաջին հերթին, իհարկե, սիրահարվեցի Հայաստանի բնակիչներին»,- պատմում է Մեգան Սթարը։
Ամենահետաքրքիրն այն է, որ Մեգանն ի սկզբանե ցանկանում էր ոչ թե Հայաստան, այլ Վրաստան և Աբխազիա այցելել։ Հայաստանյան ողևորությունն ասես այդ ճամփորդության «հավելվածը» լիներ։
«Բայց հենց Հայաստանն ինձ համար իրական հայտնագործություն դարձավ, մնացածը պարզապես հիասթափեցրեց»,-նշում է նա։
Ամերիկուհուն նախևառաջ ցնցել են մարդիկ։ Աղջիկը խոստովանում է, որ տեսարաններն այստեղ հիանալի են, իսկ մարդիկ այս երկրում ամենալավն են։
«Ես գրեթե հարյուր երկիր եմ այցելել, բայց դեռ կարծում եմ, որ հայերն աշխարհի ամենահյուրասեր մարդիկ են»,-խոստովանում է Մեգանը։
«Բարի գալուստ Հայաստան` աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն». Forbes–ի հոդվածը
Նրա խոսքով՝ մեր երկիրն անսահման զբոսաշրջային ներուժ ունի, որի զարգացման գրավականը հենց մարդն է։
«Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այստեղի ուտելիքը հիանալի չէ»,-ժպիտով նշում է բլոգերը։
Աղջկան ամենաշատը գերել են բլոգեր ու ճանապարհորդ Արամ Վարդանյանի մոր պատրաստած քյուֆթան ու սպասը։
Արամի հետ ծանոթությունն ու նոր նախագծերը
Նշանավոր ուղևորությունից հետո բլոգերը շարունակում էր իր համար բացահայտել նոր երկրներ, բայց անընդհատ ուզում էր վերադառնալ արևոտ ու հյուրընկալ Հայաստան։ 2018 թվականին հերթական ուղևորության ժամանակ նա շատ էր տխրել, ընտրված ուղղությունը տհաճ ու ձանձրալի էր։
«Պետք է մի երկու շաբաթ էլ այնտեղ մնայի, բայց չդիմացա ու որոշեցի այդտեղից գնալ մեկ այլ տեղ, որտեղ շատ «ջերմ» է։ Արդյունքում նորից հայտնվեցի Հայաստանում»,-անկեղծանում է Մեգանը։
«Թավշյա հեղափոխությունը» ամենաթեժ փուլում էր։ Հենց այդ ժամանակ էլ Մեգանը ծանոթացավ Արամի հետ, որը դարձավ իր գործընկերը։
Բլոգեր ու ճանապարհորդ Արամ Վարդանայնը երազում էր հայրենի երկրում զարգացնել զբոսաշրջությունը։ Մեգանը «վարակվեց» նույն գաղափարով։ Համատեղ աշխատանքի և ընկերության արդյունքում ստեղծվեց Absolute Armenia" (absolutearmenia.com) հարթակը, որտեղ նրանք ոգևորությամբ պատմում են Հայաստանի, երկրի զարմանալի ու տեսարժան վայրերի, յուրահատկությունների, մարդկանց ու այս հողի մոգական ուժի մասին։
Հիանալի լուսանկարներն ու «կենդանի» բովանդակությունը գրավում են հարթակի այցելուներին։ Բացի այդ, հարթակն օգնում է ցանկացողներին Հայաստան գալ ու կողմնորոշվել բնակության, ուտելիքի և տեսարժան վայրերի այցելությունների հարցում։
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում նաև հայերի անուններ կան
Սակայն դա նրանց միակ զբոսաշրջային նախագիծը չէ։ Մեգանև Արամը հիմնել են "Megan & Aram" (meganstarr.com) ճամփորդությունների մասին բլոգը։ Այստեղ Հայաստանից բացի, նրանք ներկայացնում են այն երկրները, որոնք արդեն այցելել են, իսկ նրանք հասցրել են շրջել Եվրոպայի կեսով, Կովկասով, Կենտրոնական Ասիայով։
Հենց Մեգանի և Արամի ջանքերով Forbes հեղինակավոր պարբերականը օրերս Գյումրին ներառել է աշխարհի պարտադիր այցելելու քաղաքների ցանկում։
Հարցին՝ ինչով է ամերիկուհուն գրավել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքը, աղջիկը պատասխանում է․ «Առաջին անգամ Գյումրի այցելել էի 2019 թվականին։ Քաղաքն չտեսնված զարկերակ ուներ։ Այն նման չէր իմ այցելած ոչ մի բնակավայրի, միաժամանակ շատ ծանոթ էր ու ջերմ։ Մարդիկ բարեհամբյուր էին, իսկ ճարտարապետությունն ապշեցրեց ինձ»։
Մեգանն ասում է՝ հոգնել է, որ Հայաստանի երկրորդ քաղաքը դեռ ասոցացվում է 1988 թվականի երկրաշարժի հետ, ժամանակն է փոխել այդ ընկալումը։ Հենց նոր չվերթերը մեկնարկեն, շատերը կօգտվեն այդ անհայտ քաղաքն իրենց համար բացահայտելու հնարավորությունից։
«Արամը վերջերս Գյումրիում հանդիպել է անկախ բիզնես-նախագծերի սեփականատերերի հետ, որոնց պատմություններն ապշեցրել են նրան։ Մենք երկար չենք մտածել, երբ այդ վարկանիշային աղյուսակի համար առաջարկել ենք Գյումրին։ Հուսով ենք՝ մարդիկ տոմսեր կամրագրեն ու անպայման Գյումրի կայցելեն»,- ասում է Մեգանը։
Գյումրիից ու Երևանից բացի Մեգանը շատ տպավորված է նաև Խնձորեսկով, Նորավանքով ու Գառնու տաճարով։
Ներգրավված լինելով Հայաստանի զբոսաշրջային կյանքում, Մեգանը հաստատվել է այստեղ, թեև մշտապես տարբեր ուղևորություններով է մեկնում։
«Քանի որ հաճախ ստիպված եմ տարբեր վայրեր ուղևորվել, Երևանն իմ տունն եմ համարում ու փորձում եմ հնարավորինս երկար մնալ այստեղ։
Դժվար է լինել թրևլ-բլոգեր ու մի տեղում հաստատվել», - խոստովանում է նա։
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Աղջիկը հույս ունի երկար ժամանակ մնալ Հայաստանում ու շարունակել աշխատել զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Մեգանն ցանկանում է զբոսաշրջիկներին բերել Հայաստանի գյուղեր ու նպաստել մեր երկրում փոքր բիզնեսի զարգացմանը։