ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը և Ազգային անվտանգության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը կշարունակեն պաշտոնավարել: Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նրանց նշանակման հրամանագրերը։
Նշենք, որ որպես ժամանակավոր պաշտոնյաներ` ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնավարման ժամկետը լրանում էր հենց այսօր`մարտի 19-ին։
Արման Սարգսյանը ծնվել է 1978 թ-ին։ Ոստիկանության համակարգում աշխատում է 2000թ-ից։ 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետի, 2014-2017թթ․՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետի, 2017-2018-ին՝ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնները:
2018 թվականի մայիսի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ոստիկանապետի առաջին տեղակալ:
ԱԱԾ–ն մաքրվում է դավաճաններից. կառույցի ղեկավարը` Փաշինյանի հայտարարության մասին
Էդուարդ Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականին զինծառայողի ընտանիքում:
1998 թվականի սեպտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոններ:
Հիշեցնենք, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում պաշտոնանկություններ եղան 2019–ին. սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը, իսկ սեպտեմբերի 18–ին Վալերիյ Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։
Արթուր Վանեցյանին ձերբակալելո՞ւ են. պատասխանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը
Սեպտեմբերի 19-ին Արման Սարգսյանը նշանակվեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Էդուարդ Մարտիրոսյանը` ԱԱԾ տնօրենի ԺՊ։