ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո անդրադարձավ «Վետոյի» և «Ադեկվադի» անդամների բերման ենթարկելու դեպքին և լրագրողներին վստահեցրեց, որ ՀՀ–ում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում։
Հունվարի 28-ին «Վետո» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը և «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանը ձերբակալվել էին զենք պահելու կասկածանքով։ «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանն էլ ձերբակալվել էր թմրանյութ պահելու կասկածանքով: Բացի այդ, բերման էր ենթարկվել նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Նույն օրը նրանք ազատ էին արձակվել։
«ՀՀ ոստիկանությունն իրավունք ունի անձանց բերման ենթարկելու, ստացված տեղեկատվությունը ստուգելու և այդ ինֆորմացիան ստուգելուց հետո ազատ արձակելու։ Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է իր գործառույթները։ Ամեն ինչ իրականացրել է օրենքի սահմաններում»,– ասաց Սարգսյանը։
Ոստիկանապետը հայտնեց` ճիշտ է, խոսքը հունվարի 28-ին բերման ենթարկված 4 անձանց մասին չէ, սակայն հնարավոր է, որ նույն անձանց նորից բերման ենթարկեն ոստիկանություն` ստացված ինֆորմացիան ստուգելու համար։
Փաշինյանը գոհ է ԱԱԾ–ից ու ոստիկանությունից, թեև աշխատանքն անթերի չէ
Հարցին, թե ինչո՞ւ էին հատուկ նշանակության վարչության աշխատակիցները բերման ենթարկում այդ տղաներին, Սարգսյանը պատասխանեց, որ տվյալները ստացվել էին քրեական ոստիկանությունում, և հատուկ նշանակության աշխատակիցները քրեական ոստիկանության ծառայողներ են։
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե ոստիկանությանը շատ են քննադատում անտեղի գործողությունների համար, Սարգսյանը նշեց` ոստիկանությունն այն կառույցն է, որ անընդհատ չպետք է գովեն։