ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի համավարակի ֆոնին Ճապոնիայում կայանալիք օլիմպիական խաղերի չեղարկման հարցը չի քննարկվում։ Ըստ Kyodo գործակալության` այս հայտարարությունն արել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն։
Նա ասել է, որ Ճապոնիան պատրաստվելու է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի անցկացմանը, ինչպես և նախատեսված էր, սակայն չի բացառել մրցումների հետաձգման տարբերակը։
«Մեծ աշխատանք ենք արել։ Միջազգային օլիմպիական կոմիտեն կուսումնասիրի ընդհանուր իրավիճակն ու որոշում կկայացնի», – նշել է նահանգապետը։
Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Տոկիոյում նախատեսված օլիմպիադան կարող է մեկ կամ երկու տարով հետաձգվել կորոնավիրուսի պատճառով։ Հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2020 թվականի մայիսին։
Վերջին տվյալներով` աշխարհում COVID-19–ի ավելի քան 124 հազար դեպք է գրանցվել։ Վարակվածներից 4589–ը մահացել են, 66,7 հազարը` բուժվել։ ԱՀԿ–ն հայտարարել է, որ COVID-19–ի բռնկումը կարելի է համավարակ համարել։