ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի:
«Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: Արմենիա ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին»,– նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթերը մինչև ապրիլի 16-ը:Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթերը:
Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:
Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան ուղիղ եթերում վստահեցրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի լոկալ տարածում չկա, նոր հայտնաբերված 3 պացիենտների դեպքում վարակը ձեռքբերովի է, իրավիճակը մնում է կառավարելի։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:
Դասերը կրկին կհետաձգվե՞ն. ՀՀ կառավարությունում քննարկվեց այս հարցը