Աշոտ Մելքոնյանը համամիտ չէ նրանց հետ, ովքեր կարծում են, որ ԳԱԱ–ն խորհրդային ժամանակներից մնացած ժառանգություն է։ Ակադեմիկոսը հիշեցնում է` գիտությունների ակադեմիան եվրոպական համակարգ է, որը ձևավորվել է դեռ միջնադարյան Ֆրանսիայում, Գերմանիայում, իսկ հետո անցել է Ռուսաստանին, ապա ԽՍՀՄ–ին ու Հայաստանին։
Ակադեմիկոսն ափսոսանքով ու տարակուսանքով է շեշտում, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծում գիտահետազոտական ինստիտուտների կողմից արված դիտողությունները չեն ներառվել։ Ավելին` նախագծի մշակումից առաջ մասնագիտական շրջանակների հետ չեն կազմակերպվել ծավալուն և առարկայական քննարկումներ։ Ըստ Աշոտ Մելքոնյանի` սա է հիմնական պատճառը, որ կրթության և գիտության ոլորտին առնչվող նախագծերը սովորաբար լինելում են խիստ վիճահարույց։
«ԳԱԱ ինստիտուտների միացումը բուհերին արհեստական է և կունենա աղետալի հետևանքներ։ ԳԱԱ–ն այն կառույցն է, որտեղ գիտնականը տալիս է զուտ գիտական արդյունք, և եթե մեր մասնագիտացված ինստիտուտները միացնեն բուհերին, ապա կհայտնվենք Ղազախստանի ու Վրաստանի վիճակում, որտեղ բարեփոխումներից հետո դրությունն ավելի վատթարացավ»,– նշում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։
Աշոտ Մելքոնյանի համոզմամբ` շրջանառության մեջ դրված օրենքի նախագծով միանգամայն պարզ չէ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը, որովհետև նախագծում հստակ գրված չէ` ակադեմիան գիտահետազոտական ինստիտուտներից բաղկացած մեկ միասնական կառույց է, թե ոչ։ Բացի այդ, գիտության բնագավառում, ըստ Մելքոնյանի, հստակ ձևակերպված պետական պատվեր դեռ գոյություն չունի։
Մխիթարյան. «Օրենքը պետք է նպաստի, որ ԲՈՒՀ–ի ինքնավարության աստիճանը հնարավորինս մեծ լինի»
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 24–ին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր` Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք անարդյունք են աշխատում պիտի փակվեն։ Արդյունավետ աշխատող ինստիտուտներին պաշտոնյան խոստացել էր պետական աջակցություն, պետական պատվեր ու ֆինանսավորման ապահովում։