ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. 210 հայ ուսանող կկարողանան Ռուսաստանի Դաշնության պետական կրթաթոշակ ստանալ ու դաշնային բյուջեի հաշվին սովորել ռուսական բուհերում։ Հայտերն ընդունվում են մարտի 10–ից, ցանկացողները կարող են դիմել ռուսական բուհերում բակալավրիատ, մագիստրատուրա, օրդինատուրա և ասպիրանտուրա ընդունվելու համար։ Այս տեղեկությունն այսօր հայտնեց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին։
«Հայաստանի քաղաքացիների շրջանում ռուսական ամենապահանջված բուհերն են Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը։ Դիմորդներն ամենաշատը հետաքրքրված են բժշկության, մենեջմենտի ու իրավագիտության ոլորտներով», – ասաց Ռիբինսկին։
Ռուսաստանում հայ ուսանողների կրթական ծրագիրը գործում է 2014 թվականից։ Ռուսական կողմն ակտիվորեն համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։
Մխիթարյան. «Օրենքը պետք է նպաստի, որ ԲՈՒՀ–ի ինքնավարության աստիճանը հնարավորինս մեծ լինի»
Ուսանողներին մի քանի փուլով են ընտրելու։ Ցանկացողները պետք է մարտի 10–20–ը ներկայացնեն հիմնական փաստաթղթերը` անձնագիր, բժշկական տեղեկանքներ, դպրոցի կամ համալսարանի գնահատականներով տեղեկանք։ Երկրորդ փուլ անցած թեկնածուները կհանդիպեն աշխատանքային խմբի հետ, որի կազմում կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչները։ Բակալավրիատ ու մագիստրատուրա ընդունվողների համար թեստը գրավոր կլինի, իսկ ապագա ասպիրանտների ու օրդինատորների համար` բանավոր։
Հայ ուսանողների համար նախատեսված քվոտաները թույլ են տալիս ոչ միայն անվճար սովորել, այլև ամեն ամիս կրթաթոշակ ստանալ ու ապրել բուհի հանրակացարանում։
Ռոսսոտրուդնիչեստվոն ամբողջ աշխարհում մոտ 15 հազար պետական կրթաթոշակ է տրամադրում ռուսական բուհերում սովորելու համար։ Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում Հայաստանին 170 տեղ էր տրամադրվել։ Այս տարի, ինչպես և նախորդ տարի, 210 տեղ է լինելու։