ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհովերը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով այսօր հրաժարվել է սեղմել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bild պարբերականին։
Բեռլինում միգրանտների միավորման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերկելը մոտեցել է Զեեհովերին և իբրև ողջույնի նշան մեկնել է ձեռքը, բայց նախարարն ի պատասխան իրենը չի մեկնել։ Մերկելը հումորով է վերաբերվել իրավիճակին, բարձրացրել է երկու ձեռքը և Զեեհովերին ափերն է ցույց տվել։ Արդյունքում երկուսն էլ ծիծաղել են։
Գերմանական ԶԼՄ–ները հայտնում էին, որ Զեեհովերը կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված վերջերս որոշել է հրաժարվել ձեռքսեղմումներից։
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանն Իրանի հետ անցնում է վիզային ռեժիմի
Գերմանիայում լաբորատոր ճանապարհով հաստատված է կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունների 150 դեպք։ Վարակներ գրանցվել են 16 դաշնային տարածքներից 10-ում։ Ամենամեծ թիվը ամենախոշոր տարածքում է` Հյուսիսային Ռեյնում` Վեստֆալիայում (86), այնուհետև Բավարիան է (25), որտեղից սկսվել է հիվանդության տարածումը Գերմանիայում, ապա` Բադեն–Վյուրթեմբերգը(19) և Հեսսենը(10)։ Առանձին դեպքեր գրանցվել են Բեռլինում, Բրեմենում, Համբուրգում, Ներքին Սաքսոնիայում, Ռեյնլանդ–Պֆալցում և Շլեզվիգ–Գոլշթեյնում։
Չինաստանի իշխանությունը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր Ուհան քաղաքում (Հուբեյ գավառ) անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։ Չինաստանի մայրցամաքային մասում վարակվածների թիվը գերազանցում է 80 հազարը, մահացել է 2912 մարդ, բուժվել է գրեթե 44.5 հազարը։
ՉԺՀ–ի սահմաններից դուրս, ԱՀԿ վերջին տվյալների համաձայն, վարակման դեպքեր են գրանցվել 58 երկրներում, վարակվածների թիվն անցնում է յոթ հազարից, ավելի քան 100 մարդ մահացել է։
Հայերը ծիծաղում են կորոնավիրուսի վրա ու ոտքով հրաժեշտ տալիս միմյանց. զվարճալի տեսանյութ