ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում կանխել են 70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։
Վարչության աշխատակիցները Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 38 բջջային հեռախոս: Դրանք թաքցրած են եղել մեքենայի շարժիչի տակ և այլ հատվածներում:
Մեկ այլ դեպքով Բագրատաշենի անցակետում Վրաստանից ժամանած Վրաստանի քաղաքացու ավտոմեքենայի զննմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած տարբեր մոդելի 33 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է մեքենայի բեռնախցիկի ռետինե քողարկիչը:
Երևանի Արարատյան ավտոմաքսատանը մեքենաների անշլագ է. տեսանյութ
Նշված դեպքերով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: