ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնության կազմակերպիչ, պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ Հայաստանում անմոռանալի առաջնություն է անցկացվելու։
Առաջնությունը կկայանա փետրվարի 28-29–ը Երևանում` «Նեպտուն» մարզահամալիրում։ Միջոցառման շրջանակում սպորտային պարերի աշխարհի կրկնակի և Եվրոպայի բազմակի չեմպիոններ Արսեն Աղամալյանն ու Օքսանա Վասիլևան (Ռուսաստան), ինչպես նաև պրոֆեսիոնալ պարողներ և մարզիչներ, միջազգային կարգի մրցավարներ Յակուբ Ռիբիցկին ու Վիկտորյա Ռիբիցկան (Լեհաստան) վարպետության դասեր կանցկացնեն:
«Առաջնությանը կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Իտալիայի, Վրաստանի և Հայաստանի տարբեր մարզերի պարային խմբերը», – ասաց Մամյանը։
Նրա խոսքով` ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի, և նույնիսկ Իտալիայում ու Վրաստանում հայտնաբերած կորոնավիրուսը չի խանգարի առաջնությանը։ Մամյանը պարզաբանեց, որ զրուցել է Վրաստանի գործընկերների հետ, որոշ խմբեր արդեն Երևանում են։
Մամյանն ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է մրցաշարով հետաքրքրվող պարային խմբերի թիվը։ Մրցաշարի նպատակն է Հայաստանում զարգացնել պարահանդեսային պարերը, որպեսզի սպորտի այդ տեսակը զանգվածային դառնա։
Մրցույթի հաղթողներին տարբեր մրցանակներ են սպասում` գավաթներ, պատվոգրեր, դրամական պարգև։
Ի՞նչ կտա յարխուշտայի փառատոնը մեզ. Գինոսյանը` Փաշինյանի մոտ կայացված որոշման մասին
Պարահանդեսային պարերի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Աղամալյանն էլ նշեց, որ հայերի շարքում լավ պարողներ կան։
Աղամալյանը ծնվել է Արցախում։ 13 տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան։ Այնտեղ է սկսել պարել ու հասել է չեմպիոնական տիտղոսի։
«Լատինաամերիկյան սիրողական պարերի աշխարհի չեմպիոնն Արմեն Ծատուրյանն է, պրոֆեսիոնալների մեջ լատինաամերիկյան շոուի աշխարհի չեմպիոնը` Արսեն Աղամալյանը։ Երկու հայի անուն։ Այսինքն` հայերը կարողանում են պարել», – ասաց Աղամալյանը։
Նա չափազանց կարևոր է համարում նման մրցաշարերի անցկացումը։ Աշխարհը պետք է իմանա, որ Հայաստանում շատ են նաև պարող տաղանդները։