ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվել է երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
«Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: Որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար»,– գրել է նա:
Փաշինյանի խոսքով` կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
«Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք, և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,– նշել է վարչապետը:
Նշենք, որ կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում է հասել է 2592–ի, վերջին քսանչորս ժամում մահացել է 150 վարակակիր։
Մահաբեր վարակն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից ու հասել նաև Հայաստանին սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վերջին տվյալների համաձայն ՝ Իրանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դեպք։ Զոհերի թիվը հասել է 8-ի։
Կորոնավիրուսը չինացի աղջկան փրկել է բռնաբարությունից
Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23–ից ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը:
Ջեկի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղ ստեղծողին