ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը պարտադիր ուսուցման առարկաների ցանկից հանելը գուցե ընդունելի լինի, եթե բարձրանա դպրոցական կրթության որակը։ Նա իր տեսակետը ԱԺ ամբիոնից հնչեցնելուց առաջ ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալները։
Ըստ ԳԹԿ–ի` 2019թ-ին հայոց լեզվի միասնական քննություն հանձնած 31020 շրջանավարտներից 1686-ը ստացել է «անբավարար», իսկ 19-20 միավոր է ստացել ընդամենը 152 աշակերտ։ Բուհ ընդունվելու համար հայոց լեզու, գրականություն հանձնած 4540 դիմորդներից «անբավարար» է ստացել 1160-ը։
«Միգուցե այս քայլն ընդունելի լինի, եթե մենք դպրոցներում ունենանք հայոց լեզվի, գրականության ու պատմության առարկաների այն որակը, որ բուհերում այլևս չլիներ դրանց կրկնակի ուսուցման անհրաժեշտությունը»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` դպրոցական կրթության որակի մասին այսօր վկայում է նաև այն, որ բուհ դիմելու համար պարտադիր դիմում են կրկնուսույցների ծառայություններին։
«Նախ դպրոցում պետք է ապահովել այն մակարդակը, որ քննության ժամանակ չասեն, թե Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան, ապահովվի այն մակարդակը, որ հանրության 80%-ը «մեղանչել» բառը համառորեն չասոցացնի «ապաշխարել» բառի հետ, նոր միայն մտածենք այս քայլի մասին»,- ասաց Զոհրաբյանը։
ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 24-ին ԱԺ-ում ընթանում են «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ։
Լսումներին ներկա է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որ ելույթների ավարտին հանդես կգա եզրափակիչ ելույթով ու կարձագանքի բանախոսների բարձրացրած հարցերին։
Լսումներին մասնակցում են ՀՀ բուհերի, գիտական ու հասարակական հատվածի մի քանի հարյուր ներկայացուցիչներ, ոմանք ստիպված են նիստին հետևել ԱԺ նիստերի դահլիճից դուրս, լրագրողների համար հատկացված տեղերում։
Հայոց լեզվին սպառնո՞ւմ է լատիներենի ճակատագիրը, կամ ինչպե՞ս պահպանել մայրենին