ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ձմռան վերջին օրը ճանապարհելու ու գարունն ուրախ տրամադրությամբ դիմավորելու համար շիրակցիները հրավիրում են հանրապետության հյուսիս՝ Աշոցք, որտեղ փետրվարի 29-ին կայանալու է «Շիրակի ձմեռ» 2020 փառատոնը:
Տեղեկությունն այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասացին փառատոնի նախաձեռնողները` Շիրակի մարզպետարանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը` վստահեցնելով, որ փառատոնը լինելու է ամենասպասված ու հետաքրքիր միջոցառումներից։
«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում» կարգախոսը կրող փառատոնը, ըստ կազմակերպիչների, հավակնում է դառնալ ամենասպասված ձմեռային փառատոններից մեկը: Ավանդական ձմեռային խաղեր, մրցումներ, դահուկավազք, հրաձգություն, հյուրասիրություն ու հրաշալի ժամանց՝ Աշոցք այցելած հյուրերը ոչ մի բանի պակաս չեն զգա:
«Խորհրդանշական է ձմռան վերջին օրն անցկացնել ամենահյուսիսային տարածքում։ Աշոցքը մեր հանրապետության հյուսիսային դարպասն է, ձմեռը գալիս ու գնում է հյուսիսով: Դրա համար էլ փառատոնը կանցկացվի Աշոցքում։ Ու նաև` սա նաև այն վայրն է, որտեղ կան անհրաժեշտ պայմաններ ու ձյան առատ շերտ»,-իր խոսքում նշեց Շիրակի մարզպետարանի մշակույթի-սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը:
Փառատոնի անցկացման համար հաշվի է առնվել յուրաքանչյուր մանրուք՝ ցանկացողներին Աշոցք տեղափոխելուց, մինչև սննդի խնդիր: Մրցումները տարիքային բոլոր խմբերի համար են, իսկ հաղթողներին սպասվում են մրցանակներ:
«Ամեն ինչ արվելու է միջոցառումն անմոռանալի դարձնելու համար։ Այն բաղկացած է լինելու սպորտային, ժամանցային և մշակութային հատվածներից։ Միջոցառման շրջանակներում անցկացվելու են դահուկավազքի, բազկամարտի, պարանի ձգման, հրաձգության մրցումներ, լինելու է համերգային հետաքրքիր ծրագիր։ Կգործեն սննդի տաղավարներ»,- ասաց Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ լինելու են հանգստի 5 գոտի` խարույկներով:
Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին
Այնպես, որ շիրակցիները բոլորին հրավիրում են հրաշալի ժամանցի` միայն հիշեցնելով, որ պետք է տաք հագնվել: