1 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ. այսպիսի նվաճումով հունվարին Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձան հայ դպրոցականները: Sputnik Արմենիան պատմում է նրանցից մի քանիսի` «Քվանտ» վարժարանի սաների հավակնոտ ծրագրերի, երազանքների ու պատանեկան «զոհաբերությունների» մասին:
Կարևորը` վերադառնամ Հայաստան
11-րդ դասարանցի Ալեքսանդր Աբելյանը Ժաուտիկովյան օլիմպիադայի հայաստանյան պատվիրակության չեմպիոնների չեմպիոնը դարձավ՝ թիմին բերելով միակ ոսկե մեդալը: Լուսանկարվելու համար Ալեքսը համեստությամբ սև, սովորական դպրոցական ուսապարկից մեդալների մի ամբողջ խուրձ է դուրս բերում:
Մի քիչ շփոթվելով պատմում է, թե ինչպես տարվեց ինֆորմատիկայով: Դպրոցում մաթեմատիկան բոլոր առարկաներից ավելի հեշտ էր տրվում: Հայրը ծրագրավորող է, ինքն էլ մանկուց հետաքրքրված էր ծրագրավորմամբ, բայց և վստահ էր, որ մաթեմատիկայով է իր ուղին շարունակելու: Հետո սկսեց օլիմպիական խմբակների մասնակցել, ու ինֆորմատիկան գերեց նրան:
«Առաջին անգամ միջազգային օլիմպիադայի գնացի 2017թ.-ին՝ Եվրոպայի պատանեկան օլիմպիադան էր, արդյունքները լավը չէին, բայց դա ինձ համար փորձ էր: Հենց հաջորդ տարի ոսկե մեդալ նվաճեցի»,- պատմում է Ալեքսը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ինֆորմատիկայով լուրջ զբաղվողները շատ չեն, այնպես որ բոլորն իրար գիտեն: Օլիմպիական համայնքի պես մի բան է ձևավորվել նաև միջազգային մակարդակով: Ալեքսն արդեն փորձառու օլիմպիական է, այնպես որ տարբեր երկրների հնարավորություններին արդեն ծանոթ է:
Նրա խոսքով՝ մեր հարևաններից ամենաուժեղն Իրանն է, Վրաստանը վերջին տարիներին լավ ցուցանիշներ է ունի, իսկ Ադրբեջանից մենք բավականին առաջ ենք: Որքան էլ այս վերջինն ասելիս Ալեքսի խոսքում ազգային հպարտություն կա, բայց և ընդգծում է՝ օլիմպիադային մասնակցելիս երբևէ չի մտածում այս կամ այն երկրի մասնակցից առաջ անցնելու մասին: Իր նպատակը հաղթանակն է:
Ալեքսն այնքան զբաղված է, որ դեռ չի հասցրել մտածել` ինչ է ուզում դառնալ: Ազատ ժամանակ, եթե ունենում է՝ կիթառ է նվագում, խորացված անգլերեն է սովորում: Հեռանկարում՝ աշխարհի թոփ համալսարաններից մեկում սովորելն է։
«Քեմբրիջ, Օքսֆորդ, MIT` որը կստացվի։ Դրանից հետո անպայման հետ կգամ, այստեղ կհասկանամ, թե ինչ եմ ուզում անել: Ինձ համար կարևոր է, որ վերադառնամ Հայաստան»,- ասում է Ալեքսն ու նշում, որ կապ չունի, թե որտեղ ես ծնվել՝ մեծ, թե փոքր երկրում, կարևոր է ձգտումը, ամեն տեղ էլ հնարավոր է հաջողել: Վստահ է, որ այս պահին Հայաստանում ամենաշատը կրթության վրա է պետք ուշադրություն դարձնել, միայն կրթությամբ կկարողանանք օգնել մեր երկրին:
Ամենահետաքրքիրը տիեզերքն է
Դավիթ Գյուլամիրյանին միշտ հետաքրքրել է, թե ինչպես է այս կամ այն բանն աշխատում։ Նա այս անգամ հայաստանյան թիմին բրոնզե մեդալ է բերել ֆիզիկա առարկայից:
Իրեն լուսանկարելու համար օգնում է մեզ դասավորել ֆիզիկայի լաբորատոր սարքերն ու առիթը բաց չի թողնում առավելագույն հանրամատչելի և համբերությամբ բացատրել, թե որն ինչի համար է: «Ամեն ինչ հասկանալի է հայացքով նայում եմ, գլուխս էլ խելացի «տմբտմբացնում». թեպետ Դավիթի համար պարզից էլ պարզ է, որ ինձ համար ոչինչ էլ հասկանալի չէ, բայց իսկական ուսուցչի նման նա շարունակում է հույսը չկորցնել ու մեծ սիրով, կասեի` կրքով պատմել ֆիզիկայի մասին: Հատկապես ոգևորությամբ ներկայացնում է իր հետազոտական նախագիծը, որը հաջողությամբ ավարտելու դեպքում ԱՄՆ կմեկնի:
«Փոքր ժամանակ սիրում էի լեգոներից ռոբոտներ հավաքել. ծնողներիս ցույց էի տալիս, հետո էլ հյուրասենյակում մի լավ տեղ դնում ու ամեն անգամ անցնելիս հպարտանում էի, որ կարողացել եմ նման բան ստեղծել: Իսկ երբ մայրս կամ հայրս ինձ դպրոցից տուն էին բերում, ամբողջ ճանապարհին խնդրում էի, որ ինձ խնդիրներ ասեին, սիրում էի դրանք լուծելով տուն գալ»,-իր մանկական հետաքրքրությունների մասին է հիշում Դավիթը: Արդեն դպրոցում սկսեց տարբեր խմբակների հաճախել՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա: Հետո հասկացավ, որ բոլորը չի հասցնում, ինֆորմատիկայից հրաժարվեց, 10-րդ դասարանում նաև մաթեմատիկան մի կողմ թողեց՝ իր ամբողջ ուշադրությունը ֆիզիկայի վրա կենտրոնացնելով:
Այս տարի առաջին անգամ մեկնեց միջազգային օլիմպիադայի. մի քիչ տխուր է, որ բրոնզ բերեց, բայց գիտի՝ հաջորդին ավելի լավ է ներկայանալու:
Ապագայում իրեն տեսնում է հրթիռներ կամ տիեզերք ուղարկվող ինչ-որ սարքավորումներ կառուցող ինժեներ: Ամենամեծ երազանքն ուսումնասիրությունների համար ինչ-որ մոլորակ թռչելն է: Հայտնի Space X-ի հիմնադիր Իլոն Մասկն, օրինակ, առաքելություն ունի առաջիկայում Մարս մեկնելու: Դավիթը դեմ չէ նրան միանալ այդ ճամփորդության ընթացքում:
«Ինձ համար ամենահետաքրքիր բանը տիեզերքն է, որովհետև մենք այնքան քիչ բան գիտենք։ Արբանյակ ենք ուղարկում կամ հեռադիտակով նայում ենք երկինք, բայց դա այնքան քիչ է»,- նշում է Դավիթը:
Մինչև այլ մոլորակ մեկնելը Դավիթն այլ նպատակ ունի՝ կրթություն ստանալ արտերկրում ու անպայման Հայաստան վերադառնալ: Ասում է՝ իսկ ինչու Space X-ի նման մի բան էլ Հայաստանում չհիմնել:
«Շատ կուզեմ մեր երկրում գիտության, կրթության ոլորտում փոփոխություններ անել: Ինձ թվում է, որ մենք շատ դանդաղ ենք առաջ գնում կրթության ոլորտում: Բոլորը բողոքում են, բայց ոչ ոք ոչինչ չի անում»,- ասում է Դավիթն ու ավելացնում, որ ամեն մեկը պետք է հասկանա՝ երկիրը փոխելու, ավելի լավը դարձնելու պատասխանատվությունը ոչ թե ինչ-որ մեկինն է, այլ հենց իրենը:
Ինձ շատ են օգնել, ես էլ պետք է օգնեմ ուրիշներին
Ղազախստանն ու ղազախներին չի հավանել, օլիմպիադայի կազմակերպվածությունից գոհ չէ, բայց այս օլիմպիադային մասնակցելն իր կյանքում Կարեն Մոսոյանը հետաքրքիր փորձառություն է համարում: Նա էլ ֆիզիկա առարկայից արծաթ է Հայաստան բերել:
Մայրը բժիշկ է, հայրը՝ ծրագրավորող։ «Ինչից է ինչը». Կարենը վաղ մանկությունից է փորձել սա հասկանալ: Խոստովանում է, որ խաղալիքները կոտրում էր միայն նրա համար, որ տեսներ՝ ներսում ինչ կա, ինչպես է աշխատում: Ֆիզիկայի հանդեպ սերն էլ շատ խոր արմատներ ունի՝ ֆիզիկոս պապիկից է փոխանցվել։
8-րդ դասարանից սկսած հանրապետական օլիմպիադաներում փայլուն հանդես է գալիս՝ ամեն անգամ կարգ նվաճելով: Ժաուտիկովյան օլիմպիադան առաջին միջազգային փորձն էր ու հենց միանգամից լավ արդյունք ստացվեց:
«Մեր չեմպիոնները պետք է դեր ունենան քրեական մշակույթի դեմ պայքարի գործում». Նիկոլ Փաշինյան
«Կանխատեսելի էր, բայց շատ ուրախ էի»,- ինքնավստահ ու անկեղծ ասում է նա:
Օլիմպիադաներին մասնակցելու, մեդալներ նվաճելու գլխավոր մոտիվացիան աշխարհի թոփ համալսարաններից մեկում ուսանելն է: Ուզում է սովորել ծրագրավորում կամ ինժեներիա, հետաքրքրված է արհեստական բանականությամբ: Կրթություն ստանալուց հետո ծրագրում է վերադառնալ Հայաստան ու այստեղ ընկերների հետ ընկերություն հիմնել, գիտությունը զարգացնել, գյուտեր արտոնագրել:
Ուզում է հայերի պատիվը բարձր պահել: Ասում է՝ նույնիսկ արտերկրում լինելով՝ հայի հայացքը դեպի Հայաստան պետք է լինի:
«Կարող է այնպիսի երեխա լինել, որի ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ, բայց հետաքրքիր մտածելակերպ ու խելք ունի»,- ասում է Կարենն ու բացատրում, որ ինքը պարտք ու պատասխանատվություն ունի. իրեն շատ են օգնել հաջողելու համար, ինքն էլ ապագայում անպայման մեկ ուրիշին պետք է օգնի։
Կանայք ճշգրիտ գիտություններից թույլ չեն, պարզապես հետաքրքրություններն են այլ
Ժաուտիկովյան օլիմպիադային հայաստանյան թիմի կազմում նաև 3 աղջիկներ էին մասնակցում. նրանցից մեկը Լորետտա Արզումանյանն էր: Ոսկուն շատ մոտ էր, բայց արդեն երկրորդ անգամ միջազգային օլիմպիադայից արծաթով վերադարձավ: «Պապիկս ինժեներ էր, հայրիկս ծրագրավորող է, նաև հաշվապահ է աշխատել, մայրս օլիմպիադաների է մասնակցել, ֆիզիկայից հանրապետական առաջին կարգ ունի: Այնպես որ չգիտեմ, թե կոնկրետ որ մեկից է ինձ ընդունակություններս փոխանցվել»,- ասում է Լորետտան:
Ֆիզմաթ առարկաներից բացի նշում է, որ շատ լավ կարողանում է պատմության փաստերը հիշել, իսկ թվականների հարցում փայլում է, որովհետև թվերի միջև հետաքրքիր օրինաչափություններ է կարողանում գտնել ու մտապահել:
Ասում է` թյուր կարծիք կա իբրև թե աղջիկների մոտ ճշգրիտ գիտությունները լավ չեն ստացվում: Այդպես չէ, պարզապես աղջիկներից շատերին դրանք չեն հետաքրքրում, ոչ թե չի ստացվում:
Գերզբաղված պարապում է թոփ 10 համալսարաններից մեկն ընդունվելու համար: Որոշել է, որ բակալավրիատը մաթեմատիկայով է սովորելու, հետագայում չի բացառում, որ մաթեմատիկան այլ ոլորտում կօգտագործի, օրինակ՝ ինժեներիայում:
«Տեսնեմ այնտեղ լավ է, էլ հետ չեմ գա»,- ծիծաղում է Լորետտան՝ խոսելով սովորելուց հետո Հայաստան վերադառնալու մասին: Հետո բացատրում է՝ դա չի նշանակում ընդմիշտ արտերկրում մնալ: Նշանակում է՝ մի նոր բան հիմնել, հունի մեջ գցել, որպեսզի վերադարձն էլ իմաստավորված ու օգտակար լինի:
Դասերից բացի այլ բաներով զբաղվել Լորետտան իրեն թույլ չի տալիս: Ասում է՝ նախկինում ինքն իրեն ստիպում էր դաս անել, բայց հիմա մոտիվացիան այնքան ուժեղ է, որ այլ զբաղմունքի համար «հավես էլ չունի», միակ բացառությունն օպերաներն են: Այս հարցում Լորետտան ինքն իրեն երես է տալիս, ճանապարհին էլ միշտ ականջակալներում Մոցարտն է հնչում: Մոցարտից հետո Լորետտայի կյանքում մյուս համաշխարհային դեմքը Դոստոևսկին է, իսկ մնացյալ ժամանակն անցկացնում է թվերի աշխարհում: Անկեղծանում է՝ բանաձևերն այնքան մեծ տեղ ունեն իր կյանքում, որ անգամ մայրիկի հետ կատակելիս բանաձևեր է օգտագործում:
Հ.Գ. Լորետտան բանաձևային կատակներ ինձ հետ անել չի համարձակվում. Դավիթից ավելի ռեալիստ է: Գիտի, որ չեմ հասկանալու։