Գևորգ Պետրոսյանի կարծիքով` մի բան վերացնելուց առաջ, պետք է ունենալ դրա հուսալի հակակշիռը, մինչդեռ, գիշերօթիկների դեպքում, չունենալով դա` զբաղված են միայն լուծարմամբ։
«Երբ խոսում ենք այդ մասին, իշխանության որոշ ներկայացուցիչներ դա որակում են որպես պոպուլիզմ, ամբոխահաճություն։ Բայց եթե խնդիրը կա, ինչպե՞ս չբարձրաձայնենք, դեռ այն ժամանակ էինք ասում, որ գիշերօթիկները պետք է մնան։ Եթե իշխանությունն ունի հակակշիռ, մրցակցող նախաձեռնություն, թող հանձնի հանրության դատին, և նա էլ պատասխանի, թե արդյո՞ք այդ առաջարկով հնարավոր է մեկ քայլ առաջ անցնել առկա մակարդակից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Պետրոսյանի խոսքով` մարդիկ լավ օրից չէ, որ իրենց երեխաներին ուղարկում են գիշերօթիկ դպրոցներ, կարիքն է ստիպում դիմել այդ քայլին։ Ըստ նրա` այդ կարիքները վերացնելու փոխարեն գիշերօթիկների խնամքին հանձնված երեխաների ճակատագիրը թողնում են անորոշ։
Ի՞նչ ճակատագիր է սպասում Գյումրու «Թռչունյան տուն» կենտրոնի երեխաներին ու աշխատակիցներին
«Լավ կլիներ, որ գիշերօթիկներ չլինեին, բոլոր երեխաները ծնվեին, մեծանային իրենց կենսաբանական ընտանիքներում, բայց գիշերօթիկները պահանջված կազմակերպություններ են, որտեղ մեծացել են արժանավոր հայեր և աշխարհին ներկայացրել հայությանը։ Առանց հակակշիռ ունենալու` նման կառույցների լուծարումը անտնտեսվար, անհեռատես ու անհայրենասեր մոտեցում է երեխաների ապագայի նկատմամբ»,– նշեց պատգամավորը։
Անդրադառնալով ցերեկային կենտրոնների հարցին, որոնք կարող են փոխարինել գիշերօթիկ դպրոցներին` Պետրոսյանն ասաց, որ իրենց դեռ չեն ներկայացրել ցերեկային դպրոցների օրակարգը, որպեսզի հասկական, թե ինչի մասին է խոսքը։ Ըստ պատգամավորի` այսօր լուծարվում են մանկապարտեզները, մանկատները, ինչը մեր դժբախտությունն է, լուծարվում են ծննդատները, ինչն արդեն ազգային անվտանգության սպառնալիք է, ինչի պատասխանատուն, նրա խոսքով, գործող իշխանությունն է։
Գիշերօթիկների փակվելուց հետո 194 երեխա ընտանիք է վերադարձել. քանի՞սը նման շանս չունի
Նշենք, որ նախատեսված փոփոխությունների համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից պետք է գործեին գիշօթիկներին փոխարինող ցերեկային կենտրոնները, բայց մինչև հիմա նույնիսկ բոլոր պայմանագրերը կնքված չեն, բավարար աշխատակազմ չունեն, շահառու երեխաներ էլ չկան։