ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գերմանիայում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Հանդիպման տեսանյութը նա հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանը բարևում Դոդոնին, նստում սեղանի մոտ, որի վրա գրիչ է դրված։ Նա վերցնում է գրիչը, մի քանի վայրկյան ուշադիր զննում այն ու շարունակում հանդիպումը։
Հիշեցնենք `հունվարի 25-ին Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին և ասաց, որ 2018թ.–ի մայիսից նա իր ծառայություններն է առաջարկել վարչապետին։
Թովմասյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը ՝ սպառնալով զրպարտության համար դատի տալ, եթե Փաշինյանը 20 օրվա ընթացքում ապացույցներ չներկայացնի կամ չհերքի ասածը:
Փաշինյանը խոստացավ շատ շուտով ապացույցներ հրապարակել և խնդրեց, որ իրեն չմեղադրեն անհամաչափ ուժեղ հակահարված տալու համար:
Հաջորդ օրը վարչապետը հրապարակեց գրիչի լուսանկարը` նշելով, որ գրենական պիտույքը Հրայր Թովմասյանինն է, իր մոտ է հայտնվել 2018թ–ի մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ. ՍԴ ղեկավարը գրիչը տվել է ու հրաժարվել է հետ վերցնել։
Դրանից հետո Թովմասյանի տված գրիչի թեման բուռն քննարկումների թեմա դարձավ։
ՀՀ վարչապետը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։
Բեռլինում նա արդեն հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Փետրվարի 14-ին վարչապետը մեկնել է Մյունխեն` անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու: Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ համաժողովի շրջանակում Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ է ունենալու:
Վարչապետի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը