ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հռոմում ընթացող Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Գևորգ Ղարիբյանը գեղեցիկ հնարքով կարողացավ չորս միավորանոց գցում կատարել, ինչն էլ ապահովեց հայ ըմբիշի հաղթանակը թուրք Քերեմ Քամալի նկատմամբ: Չնայած հավասար հաշվին`5։5, չեմպիոն հռչակվեց հայ ըմբիշը:
Շատ դրամատիկ պայքարում անցավ եզրափակիչը, որի ելքը վճռեց Գևորգ Ղարիբյանի տեխնիկական արսենալը: Չորս միավորանոց գցումը հայ ըմբիշին Եվրոպայի չեմպիոնի կոչում բերեց: Թուրք Քամալին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, բայց հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում տեխնիկապես ավելի բարդ հնարքը, որի հեղինակը մեր ըմբիշն էր:
Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում 9:1 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Ավգուստին Սպասովին, քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը բացահայտ առավելությամբ, ժամանակից շուտ հաղթանակի հասավ ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի գրոհներին չդիմացավ էստոնացի Հիլարի Միջիսալուն՝ 8:0:
Հաղթարշավը շարունակվում է. Արթուր Ալեքսանյանն ու Կարեն Ասլանյանն էլ հաղթեցին մրցակիցներին
Հիշեցնենք, որ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Հռոմում փետրվարի 10-16–ը։