ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Սիսիանի ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Մարիա Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունքում էկլեր ուտելու հետևանքով թունավորված 15 անձ է բուժում ստանում, այդ թվում` 1 տարեկան մի երեխա։
Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի և Սիսիանի բժշկական հաստատություններ էին դիմել մի քանի տասնյակ քաղաքացի՝ սննդային թունավորում ախտորոշմամբ: Սննդի անվտանգության տեսչական մարմինը պարզել էր` բոլոր տուժածները «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ–ի էկլեր են կերել։
«Միջին ծանրությունից դեպի բավարարի է գնում 1 տարեկան աղջնակի առողջական վիճակը։ Երեխան ընտանիքի 4 անդամների հետ է տեղափոխվել ԲԿ։ Ընտանիքի անդամներն ասում են` շատ համով էր էկլերը, դրա համար էլ երեխային նույնպես տվել են, որ ուտի»,–ասաց Պետրոսյանը։
Թունավորման նոր դեպք Հայաստանում. մայրը 2 երեխաների հետ հիվանդանոցում է
Նրա խոսքով` երեխայից բացի հիվանդանոցում գտնվող ևս 14 անձանց վիճակը բավարար է։ Նրանց կրկնակի հետազոտելուց հետո դուրս կգրեն։ «էկլերից տուժածներից» մեկին արդեն դուրս են գրել, վերջին օրերին նոր հիվանդներ չեն հոսպիտալացվել։
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանն էլ հայտնեց` իրենց մոտ տեղափոխված 44 հիվանդները դուրս են գրվել, և թունավորման նոր դեպքեր չեն արձանագրվել։ Բժշկի խոսքով` հոսպիտալացվածներից երկուսը 1-2 տարեկան երեխաներ են եղել։
«Վերջին անգամ 10 տարի առաջ էին թունավորմամբ այսքան մեծ քանակությամբ մարդիկ հոսպիտալացվել մեզ մոտ։ Այն ժամանակ էլ կրկին էկլերից էին թունավորվել»,–ասաց Էվինյանը։
Սննդի անվտանգության տեսչական մարմինն ուսումնասիրության արդյունքում պարզել է` «Զեյթուն Սվիթի» արտադրության «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։ Թեև մարզերի խանութներում էկլերի տվյալ խմբաքանակը սպառված է եղել, սակայն լաբորատոր փորձաքննության է տրվել նաև Սյունիքում տուժած քաղաքացիներից մեկի տրամադրված էկլերը: Այդ նմուշի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:
«Զեյթուն Սվիթին» արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու մասին կարգադրագիր և թերությունը շտկելու ժամկետ է տրվել:
Ստուգումներ սննդի կետերում և 5 հազար տոննա տեխնիկական աղ. ո՞վ է ուզում թունավորել հայերին