ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: ՏԵղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել է, որ բացի Տիգրան Մանվելյանից, մեկ այլ զինծառայող էլ է մահացել։
«Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան»,– գրել է նա։
ՊՆ–ի տեղեկություններով` 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը մահացել է այսօր՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Նրա մահվան հանգամանքները նույնպես դեռ չեն պարզվել։