ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար։ Հայտարարությունը տեղադրված է ԵՊՀ պաշտոնական կայքում։
«Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` մրցույթն անցկացվելու է մարտի 23-ին: Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» կայքում:
ԵՊՀ 100–ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ է. ռեկտորի հրաժարականի տեսանյութը
Մրցույթին մասնակցության դիմումները պետք է ներկայացնել 2020 թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով։ Դիմումներն ընդունվում են ԵՊՀ կենտրոնական մասշենքում` Ալեք Մանուկյան 1, 508 աշխատասենյակ:
Հիշեցնենք, որ այս պահին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Գեղամ Գևորգյանն է։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մայիսի 23–ին հրաժարական էր տվել։