ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Strait Times պարբերականը հայտնում է, որ չինացի հայտնի դերասան Ջեքի Չանը մեկ միլիոն յուան (ավելի քան 145000 դոլար) է խոստացել այն մարդուն, որը դեղ կստեղծի 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսի դեմ։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի բանալին գիտությունն ու տեխնոլոգիան են, կարծում եմ՝ շատերն են համամիտ ինձ հետ։ Հուսամ՝ դեղը հնարավորինս շուտ կստեղծվի», - նշել է դերասանը։
Նրա խոսքով՝ հարցն անգամ փողը չէ։
«Պարզապես չեմ ուզում դատարկված տեսնել երբեմնի մարդաշատ փողոցները, չեմ ուզում տեսնել՝ ինչպես են հայրենակիցներս մինչև մահ դիմադրում վարակին, մինչդեռ նրանք պետք է կյանքը վայելեն», - ավելացրել է Ջեքի Չանը։
Այսօրվա դրությամբ՝ կորոնավիրուսից մահացել է 813 մարդ, 37 հազարը վարակվել են, 2,7-ը հազար մարդ ապաքինվել են։