ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարի է` Սիրիայում առաքելություն է իրականացնում: Խմբի ներկայացրած հաշվետվության համաձայն` 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ն ականազերծողներն այդ երկրում մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք։
Հայաստանցի մասնագետների աշխատանքի շնորհիվ ականազերծված Ալ Հուսեյնիա բնակավայրը հայտարարվել է անվտանգ և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար:
Հայ մասնագետներն ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 10–յակ հակատանկային, հակահետևակային ականներ, կասետային ռումբեր, նռնակներ ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր։
Հումանիտար խմբի բժիշկները մեկ տարվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել ռազմական գործողությունների հետևանքով տուծած 10 114 մարդու։ Նրանք նաև պարբերաբար անհրաժեշտ դեղորայք են տրամադրել Հալեպի հոսպիտալին ու կազմակերպել ականների վտանգի իրազեկման և առաջին բուժօգնության դասընթացներ տեղի բնակչության համար։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» «Մենք ձեզ հետ ենք» և «Մի բուռ ժպիտ» խորագրերով մարդասիրական ակցիաներ է իրականացրել, որոնց շրջանակներում նվերներ է հավաքել ու փոխանցել սիրիացի երեխաներին:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» աշխատանքը միայն Սիրիայի տարածքով չի սահմանափակվում։ 2019 թվականին կենտրոնի աշխատակիցներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել նաև Հայաստանի տարածքում։
Հայ ականազերծողները Սյունիքի մի շարք բնակավայրեր մաքրել են ղարաբաղյան պատերազմից հետո մնացած ականներից։ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում ու Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում վտանգավոր զինատեսակներից ազատագրվել է 16 180 քառակուսի մետր տարածք։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ականների վտանգի իրազեկման մասնագետները ՀՀ ավելի քան 11 000 աշակերտների և ուսուցիչների համար կազմակերպել են դասընթացներ, որոնց ընթացքում պատմել են ականների վտանգների մասին, ծանոթացրել անվտանգ վարքագծի կանոններին։
«Այժմ ավելի հանգիստ է». ինչպես են հայ սակրավորները օգնում Հալեպի բնակիչներին