ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Հումանիտար առաքելության խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ է փոխանցել։ Այս մասին նշված է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջում։
Մարդասիրական այս քայլն արվել է երեկ` հոկտեմբերի 17–ին, Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։
Սիրիական բանակի ջոկատները 5 տարվա մեջ առաջին անգամ Ռաքքա մտան
Սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների, այլ նաև Հայկական ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:
Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիի խոսքով՝ հայաստանցի եւ սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու համար.
«Մեր հայ գործընկերները մարդասիրությամբ, մարդկայնությամբ և պրոֆեսիոնալ կերպով ամեն օր օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Ազգովի գնահատում ենք այս կարևոր քայլը, որ մեզ համար դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին»,–ասել է զինվորական հոսպիտալի պետը։
Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ–ի զորքը թակարդն է ընկել Սիրիայում
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանությանն ու առողջապահական մարմիններին՝ մշտական աջակցության համար։