«ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի» համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է, որ հնչող քննադատություններն, ըստ էության, կապ չունեն Սահմանադրության հետ, որովհետև տվյալ դեպքում կա ճգնաժամ, ինչի լուծման համար որպես ամենաժողովրդական ճանապարհ ընտրվել է հանրաքվեն, որը բխում է Սահմանադրության 2-րդ հոդվածից, 202 հոդվածի 3-րդ կետից: Այսինքն՝ ժողովրդի իշխանությունն, ըստ Հովակիմյանի, տվյալ դեպքում ուղղակի իրացվելու է:
«Հայաստանի ժողովուրդը հենց Սահմանադրությունն է: Բարձրագույն կամքը պատկանում է ժողովրդին, և ինքն էլ կորոշի այս ճգնաժամն ինչպես լուծել: Արդյո՞ք մեր առաջարկած տարբերակը լուծում է, կորոշի ժողովուրդը: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում քննադատողներին, որոնց մեջ կան նաև մասնագետներ, իրավաբաններ, բայց եթե վերլուծեք բոլոր քննադատությունները, ապա մեր նախագիծը քննադատողների խոսքի ակունքում ընտրակեղծարարության հոգեբանությունն է: Ակունքում այն տրամաբանությունն է, որը տասնամյակներ շարունակ ժողովրդին զրկում էր իր իշխանությունն իրացնելու հնարավորությունից»,- ասաց նախագծի համահեղինակը:
Հրայր Թովմասյանի համար նոր վերջնաժամկետ է սահմանվում. հարցը կորոշվի ԱԺ արտահերթ նիստով
Հովակիմյանը ԵԽԽՎ մշտադիտարկողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները համարում է բնական և հայտնում, որ պատրաստվում էին նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով, որը խորհրդատվական մարմին է, մինչդեռ հանրաքվեն ցանկացած երկրի ինքնիշխանության թիվ մեկ դրսևորումն է:
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը շատ կարևոր է, բայց չի կարող ինքնիշխանությանը լինել հակակշիռ: Նախագիծը կուղարկվի հանձնաժողովին, կլսեն կարծիքներն ու կարվեն հետևություններ: Իմանալով միջազգային պրակտիկան՝ նշեմ, որ նման դեպքերում Վենետիկի հանձնաժողովը որպես կանոն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ պետական մարմնի բնականոն գործունեությունը հնարավորինս չխաթարվի»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Հովակիմյանի համոզմամբ՝ միջազգային ատյանների բոլոր գնահատկաններն ու հորդորները վերաբերում են նրան, որպեսզի հանրաքվեի արդյունքների ընդունման դեպքում անցումը հնարավորինս արագ լինի, որպեսզի ՍԴ քվորումի բացակայությունը շատ կարճ տևի:
Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան
Բոլոր չակերտավոր մտահոգվողները, որոնք շրջանցում են ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամի լուծումը, ըստ պատգամավորի, ուղղակի բնական են համարում այն վիճակը, որ ՀՀ-ում կարող է լինել պետական մարմին, որն իրեն վեր կդասի Սահմանադրությունից և չունենալով քաղաքական մանդատ՝ կդառնա քաղաքական կողմ, հետևաբար ճգնաժամը պետք է լուծվի, և դա պետք է անի Հայաստանի ժողովուրդն իր քվեով: