Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
«Առանց կաթի լատե» և «սպիտակ բակարդի, բայց միայն բլեք». սա այն ամենը չէ, ինչ կարելի է լսել բարում` մատուցասեղանի հետևից։ Եթե սպիտակ բակարդին մի քիչ անսովոր է հնչում, ապա առանց կաթի լատեն ժպիտ է առաջացնում ինձ` սովորական լրագրողիս մոտ։
Ես ժպտում եմ, որովհետև հաճախորդի չիմացության հետևանքով ստեղծված շիլաշփոթից պետք է գլուխ հանեն և նրան չնեղացնեն բարմեններ Մուշեղ Վարդանը և Արսեն Սարգսյանը։
– Եվ ինչպե՞ս դուրս եկաք այս իրավիճակից, – հարցնում եմ Մուշեղին` ենթադրելով, որ հավանաբար նա բացատրել է հաճախորդին, որ սխալը բան է ուզել կամ ասել, որ իրենց մենյուում նման բան չկա։
– Կաթն առանձին մատուցեցի, էքսպրեսոն` առանձին, – ժպտալով պատասխանում է Մուշեղը և ավելացնում, – որպեսզի չնեղացնեմ։
Հայ բարմենները ցուցադրում են իրենց հմտություններն ու վառվող կոկտեյլ պատրաստում. տեսանյութ
Մուշեղը Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Դեռ ուսանողական տարիներից բարմեն է աշխատել։ Նրան միշտ դուր է եկել համերի հետ խաղը`խառնել, նոր բան ստանալ։ Տղան զգացել է, որ դա ամենալավն է ստացվում իր մոտ և չի սխալվել։
- Ֆիզիկան օգնո՞ւմ է, – հարցնում եմ երիտասարդ ֆիզիկոսին։
-Օգնում է, այն էլ ինչպես։ Ավելի արագ ես բալանս գտնում խիտ, թունդ և թույլ խմիչքների միջև, գիտես` ինչպես ճիշտ վառել սպիրտը, որ դեպքում այն ավելի երկար կվառվի և այլն, –ասում է MBG Hospitality ընկերության ավագ բարմեն Մուշեղ Վարդանը։
Հաճախորդներին բարմենից «անջատող» սեղանիկը թույլ է տալիս ոչ միայն ստեղծագործել, այլ նաև շփվել հաճախորդների հետ։ Նրանցից շատերն այնքան են բացվում, որ անձնական գաղտնիքներ են պատմում։ Ի դեպ, աղջիկներն ավելի հեշտ են շփման մեջ մտնում։
Մուշեղի խոսքով` կանայք մեծամասամբ նախընտրում են թեթև, ոչ թունդ ալկոհոլային խմիչք։ Սակայն եթե նրանք հուսահատ վիճակում են և վիճել են իրենց երկրորդ կեսի հետ, ապա այդ դեպքում գործի են անցնում խմիչքի թունդ տեսակները։
«Եթե տեսնում եմ, որ հաճախորդն էլի է ուզում, բայց դրանից հետո վատանալու է, այլևս չեմ լցնում», – պատմում է Մուշեղը։
Ասում է` բարմենը ոչ միայն խառնում է կոկտեյլները, այլ նաև պատասխանատվություն է կրում այցելուի համար։
Իմ ու Մուշեղի զրույցն ուշադիր լսում է 23–ամյա Արսենը` պարբերաբար ժպտալով ծանոթ իրավիճակների մասին լսելիս։
Ի տարբերություն Մուշեղի` Արսենն այս ոլորտում աշխատում է մեկ տարի, սակայն նա էլ հիշելու բան ունի։ Նրան բարմեն աշխատելու հարցում օգնում են քիմիայի գիտելիքները։ Արսենը սովորել է ԵՊՀ դեղագործական ֆակուլտետում, բայց արագ հասկացել է, որ դա իրենը չէ և թողել է ուսումը։
«Ես մանկուց սիրել եմ քիմիան։ Սակայն բարմենի աշխատանքն ավելի հոգեհարազատ է։ Հարմար առիթ եղավ, սովորեցի ու անցա գործի», – ասում է Alaska ռեստորանի բարմեն Արսենը։
Բրոդսկին վատ օրինակ է, կամ հայերը պատրա՞ստ են սուրճն առանց ծխախոտի խմել
Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա նա կարծում է, որ ցանկացած գործում էլ բարդություն կա։ Գլխավորը մեխանիզմը գտնելն է, մնացածը կստացվի։ Բարմենը զավեշտալի դեպքեր շատ չի հիշում, սակայն նրա համար ամենազարմանալի և անհասկանալի պատվերը եղել է այն, որ հաճախորդը, չնայած բացատրություններին, շատ տաք կապուչինո է պահանջել։
Արսենը կարծում է, որ համեղ սուրճ պատրաստելիս կարևոր է հետևել որոշակի ջերմաստիճանի։ Եթե սխալվես, սուրճի համը կփոխվի։
Արսենի համար ոսկե կանոն է` չխմել ղեկին և աշխատանքի վայրում, անգամ եթե հաճախորդն է խնդրում։