ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Հայաստանը ներառվել է ամենաարագ զբոսաշրջային աճ գրանցող երկրների քսանյակի մեջ։ Այս մասին վկայում են ՄԱԿ–ի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) ուսումնասիրությունները։
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (ՀԶԿ) վիճակագրական տվյալների համաձայն` 2019 թվականին արտասահմանյան ուղևորությունների թիվը հասել է 1.5 մլրդ–ի, ինչը 4%–ով ավել է 2018 թվականից։
Ֆրանսիան շարունակում է մնալ ամենահաճախ այցելվող երկրների ցանկում` ավելի քան 90 մլն այցելուներով։ Այնուհետև գալիս է Իսպանիան` 83,8 մլն այցելություն։
Միևնույն ժամանակ 2019 թվականին այցելուների մեծ աճ են գրանցել Մյանմայում (40,2%), Պուերտո–Ռիկոյում (31,2%) և Իրանում (27,9%)` հղում անելով ՀԶԿ–ին գրում է Independent պարբերականը։
Այնուհետև ցանկում Ուզբեկստանն է, Չեռնոգորիան, Եգիպտոսը, Վիետնամը, Ֆիլիպինները, Մալդիվները, Բահամները և Քաթարը:
Հայաստանը` 14,4% աճով, զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
Յարխուշտայի փառատոն` Հայաստանում. ինչու պետք է այն կազմակերպվի պասիվ սեզոնին
Ցանկում են նաև Ադրբեջանն (17-րդ հորիզոնական 11,4% աճով) ու Ղազախստանը (20-րդ հորիզոնական 10% աճով)։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2019 թվականին ավելի գրավիչ ուղղություն է դարձել Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի զբոսաշրջիկների համար։
Նշենք, որ Հայաստանը շատ զբոսաշրջիկների է սպասում նաև 2020 թվականին, քանի որ հունվարից հանրապետությունում սկսել են գործել Ryanair և Wizz Air եվրոպական լոուքոսթերները։