ԵՐԵՎԱՆ, փետրվարի – Sputnik. 2020թ. հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի հուղարկավորությանը ի թիվս նրա հարազատների, համագյուղացիներ, մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
Հուղարկավորությունը տեղի ունեցավ այսօր. մահացած զինվորի դին ամփոփեցին նրա ծննդավայրի` Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի գերեզմանատանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան զինվորի հարազատները նրա դագաղը տեղափոխում էին Երևան` ի նշան բողոքի։ Նրանք պահանջում էին, որ արդար դատավարություն անցկացվի և դեպքի մեղավորները պատժվեն։
Մահացածի հարազատների հետ հանդիպման էր եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի հետ առանձնազրույցից հետո զինծառայողի հարազատները որոշեցին վերադառնալ`զինվորին հուղարկավորելու։
«Մենք հավատում ենք Ձեզ». ինչ են պայմանավորվել Տոնոյանն ու մահացած զինվորի հարազատները
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վահրամ Ավագյանի մահվան գործով ձերբակալվել են նրա 3 ծառայակիցները` Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Մահացած զինվորի հարազատները նրա դագաղը տեղափոխում են Երևան. տեսանյութ
Ավելի ուշ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ Դավիթ Առաքելի Մովսիսյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է, որն առավել հայտնի է «Շմայս» մականունով։
2000 թ-ին ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում։