ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկություն է ստացել, որ օրերս Չինաստանից Գյումրի են ժամանել 7 անձ. նրանցից 4-ը Չինաստանի քաղաքացիներ են, 3-ը՝ Հայաստանի:
Շիրակի մարզի ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները ստացել են ՀՀ այն քաղաքացիների տվյալները, ովքեր նոր են վերադարձել Չինաստանից:
Ելնելով ստեղծված իրավիճակից` ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հրահանգով, ինչպես հանրապետության մյուս մարզերում, այնպես էլ Շիրակում, խիստ հսկողություն է սահմանված Չինաստանից ժամանած քաղաքացիների նկատմամբ: Վերահսկողություն իրականացվում է նաև այն երկրներից ժամանած քաղաքացիների նկատմամբ, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել:
Չինաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներն արդեն գտնվում են պոլիկլինիկական հսկողության տակ, ինչը չի կարելի ասել Գյումրիում գտնվող չինացիների մասին. նրանց բնակության հստակ հասցեի մասին տեղեկություններ չկան:
Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով
«3 չինացու մասին տեղեկատվություն չկա, իսկ մեկը ներկայացրել է հասցե, սակայն տեղում պարզվել է, որ այնտեղ նման մարդ չկա: Ամեն դեպքում, բոլոր բուժհաստատություններն արդեն տեղեկացված են, որ վերջիններիս դիմելու դեպքում անմիջապես արագ բուժզննում անցնեն, և խնդիրներ լինելու դեպքում տեղեկացնեն մեզ, որպեսզի նրանք մեր տեսադաշտից դուրս չմնան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովհաննիսյանը։
Գյումրու տարածքային պոլիկլինիկաների աշխատակիցներն այցելում են Չինաստանից ժամանած ՀՀ քաղաքացիների տներ, ջերմաչափումներ իրականացնում և նրանց ամենօրյա վիճակի մասին տեղեկատվություն փոխանցում: Ի դեպ, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է տուբերկուլյոզի և ՄԻԱՎ-ի ախտանիշ: Վերջինս այս պահին հսկողության տակ է:
«Փորձում ենք հսկողության տակ պահել նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունն իրականացնող չինական բրիգադում աշխատողների նկատմամբ»,–ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս պահին ճանապարհային շինարարության վրա աշխատող չինացիները 17 են: Նրանք, թեև այս ընթացքում դուրս չեն եկել Հայաստանից, սակայն, բուժզննումների կենթարկվեն, բայց Չինաստանի դեսպանատան թույլտվությունը ստանալուց հետո:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու երկու դեպք են արձանագրել