ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Արցախի մշակույթի մասին պատմող հայկական ֆիլմը Մոսկվայում պետք է ներկայացվեր հունվարի 26–ին, բայց, ինչպես հաղորդում են ԶԼՄ–ները, շնորհանդեսն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել են ադրբեջանական համայնքի միջամտության պատճառով։
Sputnik Արմենիան փորձեց պարզել` ինչն ինչոց է։
Հունվարի 24–ին ադրբեջանական Report պարբերականը, հղում անելով Մոսկվայի ադրբեջանական համայնքի նախագահ Շամիլ Տագիևին, հաղորդել է, որ Մոսկվայի ադրբեջանական համայնքը հանդես է եկել «Միստիկ երկիր Առան» «սադրիչ ծայրահեղական ֆիլմի» ցուցադրության դեմ, որը պետք է կայանար հունվարի 26–ին «Պոբեդա» կինոթատրոնում։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը Facebook–ի իր էջում հաղորդել է (հունվարի 16–ի գրառումը թարմացվել է հունվարի 23–ին), որ «տեխնիկական պատճառներով ֆիլմի ցուցադրությունը կհետաձգվի»։
Sputnik Արմենիան հարցում ուղարկեց «Պոբեդա» կինոթատրոն, որտեղից մեզ հայտնեցին, որ համացանցում հրապարակված տեղեկությունը, թե «Միստիկ երկիր Առան» վավերագրական–խաղարկային ֆիլմի պրեմիերան պետք է կայանար 26.01.2020, ժամը 18։00–ին չի համապատասխանում իրականությանը։
«Տվյալ միջոցառման անցկացումը չի ծրագրվել և կինոթատրոնի ցուցադրության ցանկում բացակայում է», – ասված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիան դիմեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, որտեղից հաղորդեցին, որ ցուցադրության կազմակերպման հարցերով զբաղվել է ոչ թե դիվանագիտական ներկայացուցչությունը, այլ HrantFilm ընկերությունը։ Եվ վստահեցրին, որ եթե իրենք կազմակերպեին ցուցադրությունը, ապա այն անպայման կկայանար, իրենց ուղղակի տեղեկացրել են այն անցկացնելու մասին։
Դանիել Վարուժանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Art Visuals and Poetry կինոփառատոնին
Իր հերթին «Միստիկ երկիր Առան» ֆիլմի ռեժիսոր և համահեղինակ Հրանտ Մովսիսյանը Sputnik Արմենիային ասաց, որ ֆիլմը ֆինանսավորել է Ռուսաստանում ապրող մի հայ։ Ֆիլմի շնորհանդեսներ են տեղի ունեցել Ստեփանակերտում և Երևանում, երրորդը պետք է տեղի ունենար Մոսկվայում հայ համայնքի համար։
«Ցուցադրության կազմակերպմամբ զբաղվել է հենց հովանավորը։ Աշխատակիցներից մեկը պայմանավորվել է «Պոբեդա» կինոթատրոնի հետ։ Նախատեսված էր փակ ցուցադրություն, միայն հրավիրատոմսերով` առանց ԶԼՄ–ների և հեռուստատեսության», – ասաց Մովսիսյանը։
Հայ համայնքի ներկայացուցիչներին ուղարկվել են էլեկտրոնային տոմսեր, բայց ադրբեջանական համայնքին հաջողվել է ինչ-որ կերպ իմանալ այդ մասին և դիմել է կինոթատրոն, որպեսզի ֆիլմը չցուցադրվի։
Բացի դրանից, ադրբեջանական համայնքը դիմել է տեղի պաշտոնատար անձանց (ադրբեջանցիները գրում են` Մոսկվայի կառավարության մշակույթի բաժին` խմբ.)։ Ի վերջո կինոթատրոնը հրաժարվել է ցուցադրել ֆիլմը։
«Մենք որոշեցինք ավելի խելացի և ճիշտ գործել։ Անկախ ադրբեջանցիների կարծիքից` ֆիլմը կցուցադրվի, բայց մենք չենք ուզում ցուցադրել այն այս խոսակցությունների ֆոնին։ Ամեն դեպքում ֆիլմը ոչ թե պատերազմի մասին է, այլ երկրի։ Ու այդ ամենը` քահանայի աչքերով», – նշեց Մովսիսյանը։
Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը բոլորովին կոնֆլիկտային չէ, ադրբեջանցիների մասին ընդհանրապես խոսք չկա։ Հակամարտության մասին խոսվում է ընդամենը 30 վայրկյան (ֆիլմը տևում է մեկ ժամ), մասնավորապես` հողը բաժանելու Ստալինի և Լենինի որոշումների մասին։
Սա պոետիկ ֆիլմ է «Առանի»` Արցախի հողի, մարդկանց, լեզվի և պատմության մասին, որը սկիզբ է առնում 451 թվականից։ Սյուժեի հիմքում մշակույթն է։
Մկրտիչ Արզումանյանը նոր ֆիլմում է նկարվել. նա մարմնավորել է ռուսական Միստեր Բինին
Ֆիլմը նվիրված է ՀԱԵ Արցախի թեմի ստեղծման 30–ամյակին։ Գաղափարի հեղինակը արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանն է, ռեժիսորը` Հրանտ Մաթևոսյանը, սցենարիստը` Լևոն Գալստյանը։
Նշենք, որ Sputnik Արմենիան հարցումներ է ուղարկել նաև Մոսկվայի կառավարության մշակույթի բաժին և ՌԴ ՆԳՆ ծայրահեղականությանը հակազդելու գլխավոր վարչություն, ուր դիմել է Մոսկվայի ադրբեջանական համայնքը, ինչպես հաղորդում են ԶԼՄ–ները։ Առայժմ պատասխաններ չենք ստացել։