ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Տվյալ հոդվածը սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու մասին է։
ՔԿ–ն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Հիշեցնենք` 2000 թ–ին ծնված Նվեր Ավետիսյանը հրազենային վնասվածք է ստացել երեկ` հունվարի 28-ին, ժամը 02:55-ի սահմանում։ Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Մեկ օր բանակում. լուսանկարներ` զինվորների կյանքից և առօրյայից