ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գյումրու Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցրած հավ:
«ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Հիշեցնենք` օրեր առաջ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել էր Սիսիանի մանկապարտեզներում առկա սփրեդի խմբաքանակի իրացումը, մանկապարտեզներից նմուշառում էր իրականացվել, արդյունքները ներկայացվել էին լաբորատոր փորձաքննության: