ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ահազանգը ԱԻՆ Փրկարարական ծառայությունում ստացել են հունվարի 24-ին, ժամը 08:28-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով):
«Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն է ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից
Որոնողական աշխատանքներում ներգրավվել է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը, որը երեկոյան մեկնելու է Մարտունի: Անհրաժեշտության դեպքում նախատեսվում է ներգրավել անօդաչու թռչող սարքեր:
ԱԻՆ–ից հայտնում են, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը: