ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեն Sputnik Արմենիային հայտնել է, թե ինչ զենք է եղել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած Արթուր Թորոսյանի ձեռքին։
Սոցցանցերում բավականին ակտիվ քննարկվում է Թորոսյանի մոտ եղած զենքի թեման։ Որոշ օգտատերեր համեմատում են շենք մտնելու և զենքը ոստիկաններին հանձնելու կադրերը և պնդում, որ սկզբում նրա ձեռքին մի զենք է եղել, իսկ հետո աստիճանների մոտ այլ զենք է դրված եղել։ «Սքրինշոթերի» հեղինակներն այդպիսով ակնարկում են, որ տեղի ունեցածը շոու էր։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Թորոսյանի ձեռքին «Սայգա 12» է եղել։ Դրանով մտել է շենք, դա էլ հանձնել է ոստիկանությանը։
«Սայգա 12»–ն ինքնալիցքավորվող հրացան է, որը ստեղծել են Կալաշնիկովի հիմքի վրա։ Նախատեսված է ցանկացած կլիմայական պայմաններում փոքր ու միջին չափի կենդանիների, թռչունների արդյունաբերական և սիրողական որսի համար։
Հայաստանում ազատ կարձակեն ցմահ ազատազրկման դատապարտվածներից մեկին
Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ էին հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբերը։ Կրակոցներ արձակածին վնասազերծել էին ժամը 16։00–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակողն Արտաշատի բնակիչ, 32-ամյա Արթուր Թորոսյանն է։