ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի համար ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Նաղդալյանը նման կարծիք է հայտնել` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի ԱԳ նախարարության և նախագահի օգնականի նյարդային արձագանքները Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում ՀՀ–ում անցկացված միջոցառումների առնչությամբ։
«Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը»,–ասել է Նաղդալյանը։
Նրա խոսքով` այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումագյիթյան եղեռնագործության իրականացման մեջ:
Սա, ըստ Նաղդալյանի, ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին:
«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն». Արմեն Սարգսյան
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը Բաքվի ջարդերի մասին խոսելիս աբսուրդ գնահատականներ է հնչեցրել։ Հաջիևի խոսքով` իրենց «շահիդներին» Փաշինյանը որակել է որպես ոճրագործներ։