ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբաններն այսօր չեն ներկայացել դատարան։ Ինչպես դատական նիստում հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը, նրանք գրավոր տեղեկացրել են, որ զրկված են իրենց գործառույթներն իրականացնելու հնարավորությունից և այդ պատճառով չեն ներկայանալու դատարան։
Պաշտպանները դիմումում հայտնել են նաև, որ նման եզրակացության են հանգել նախորդ դատական նիստում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ տուժողի իրավահաջորդը վիրավորել է իրենց, բայց դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հարց ուղղեց տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին. «Ըստ դատական նիստի արձանագրության` հայտնել եք, որ թող հարգեն մարտի 1-ը, չփորձեն այլ երևույթներ պատկերացնեն, թե չէ մեր օրը կընկնեն։ Պարո՛ն Հարությունյան, պաշտպանության կողմը գտնում է, որ ձեր այդ արտահայտությունն իր մեջ պարունակում է սպանված հարազատ ունենալու սպառնալիք։ Խնդրում եմ պարզաբանել` ի՞նչ եք նկատի ունեցել»։
Տուժողի իրավահաջորդը հայտարարեց, որ չի սպառնացել։ «Այլ ընդամենը ասել եմ` եթե մեզ թույլ չեն տալիս խոսել, կընկնեն մեր օրը։ Այսինքն` մենք էլ կարող ենք վիրավորել։ Եթե իրենք գտնում են, որ սպառնալիք է, դա իրենց խնդիրն է»,– ասաց Հարությունյանը։
Առաջարկում ենք փոխել Քոչարյանի խափանման միջոցը. մշակույթի գործիչների հայտարարությունը
Փաստաբանների բացակայության հիմքով դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Բայց մինչ այդ որոշվեց քննության առարկա դարձնել Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հարցը։ Դատարանը որոշեց դատարանում իր պարտականությունը չկատարելու համար նրա նկատմամբ կիրառել նախազգուշացում։
Հիշեցնենք` Մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյան հայրը՝ Էդիկ Հարությունյանը դատարանում, նախորդ դատական նիստում դիմելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին` ասել էր. «Ես ուզում եմ հարցնել` իսկ եթե իրենք լինեին մեր փոխարեն, գոնե մի վայրկյան իրենց լավ կզգայի՞ն։ Այնպես չանեն, որ հայտնվեն մեր վիճակում»։
Այս հայտարարությունը լուրջ իրարանցում էր առաջացրել դահլիճում։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում հայտարարել էր, որ լավ չի լսել, թե ինչ սպառնալիք է հնչել իր հասցեին` պահանջելով կրկնել խոսքի այդ հատվածը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժել էր փաստաբանի այդ պահանջը` ասելով. «Ձայնագրությունը կստանաք, կլսեք»։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանին 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել:
Գործով անցնում են նաև պաշտպանության նախկին փոխնախարարը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը: Հետաքննությունը Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և Խաչատուրովին մեղադրում է «սահմանադրական կարգի տապալում» հոդվածով։
Ռոբերտ Քոչարյանն իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։
Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը