ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Արմենուհի Մխոյան. Աշխարհի ռեկորդակիր, գյումրեցի Միլեն Կարանյանը, որը երգում է տարբեր ժանրերում, առաջիկայում պատրաստվում է մասնակցել «Բիտվա տալանտով» հաղորդաշարին, համերգներով հանդես գալ Մոսկվայում և Հայաստանում:
Միլենը ծնվել ու մեծացել է Գյումրիում, 9 տարեկանից ապրում է Մոսկվայում: Մայրը՝ Հասմիկը, երաժիշտ է, հայրը՝ Արմենը, քանդակագործ, դիզայներ:
«Առաջին անգամ երգել է 6 տարեկանում և հաղթել դպրոցների միջև անցկացվող մրցույթում՝ կատարելով Ալեքսեյ Հեքիմյանի «Հայոց տառեր» երգը: Երաժշտական դպրոց չի հաճախել, ամեն ինչ սովորել և սովորում է ինքնուրույն: Տիրապետում է երաժշտական գրագիտության գրեթե բոլոր կանոններին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Միլենի մայրը՝ Հասմիկ Կարանյանը։
Հետաքրքիրն այն է, որ մայրը միայն երկու տարի առաջ է հասկացել, որ դուստրն ունի շատ հզոր ձայն և շատ հազվադեպ հանդիպող ձայնածավալ և կարողանում է երգել բոլոր ռեգիստրներով:
«Ոչ որպես մայր, այլ որպես երաժիշտ` կարող եմ ասել, որ ընդամենը 12 տարեկան աղջիկը կարող է երգել կոնտրալտոյից մինչև կոլորատուրային սոպրանո։ Հենց այդտեղ էլ «թաքնված» է նրա տաղանդը»,- ասաց Միլենի մայրը:
Աղջկա հենց այս յուրահատկությունն էլ հաշվի առնելով` 2019թ-ի դեկտեմբերի 11-ին միջազգային ժյուրիի և փորձագետների ներկայությամբ Միլենը դարձավ Ռուսաստանի և աշխարհի ռեկորդակիր, որպես ձայնային ամենամեծ դիապազոն ունեցող երեխա՝ գերազանցելով մինչ այդ եղած ռեկորդը և գրանցվելով ռուսական ռեկորդագրքում: Միլենի կատարողական դիապազոնը կազմում է փոքր օկտավայի «դո»-ից մինչև 4-րդ օկտավայի «սոլ»:
«Շատ եմ սիրում երգել, ամեն օր 2 ժամ անցկացնում եմ երգելով, բացի հիմա սովորում եմ կիթառ նվագել»,- Sputnik Արմենիային պատմում է Միլենն ու անկեղծանում՝ ամենասիրած ժանրը ռոքն է, ամենասիրած ռոք խումբը` «The Scorpions»-ը, իսկ ամենասիրելի ռոք աստղը` Ռոննի Ջերմս Դիոն, որի երգացանկի բոլոր երգերը գիտի և երգում է:
Աղջիկը մեկ տարում հաղթել է բազմաթիվ մրցույթներում, սակայն այդքանով չի սահմանափակվում:
Չնայած աղջկա բոլոր հաջողությունները Ռուսաստանում են գրանցվել, բայց Միլենը չի մոռանում իր հայրենիքն ու հայրենի քաղաքը: Տարբեր լեզուներով ու ժանրերում հնչող ավելի քան 50 համաշխարհային հիթերի շարքում Միլենը չի մոռանում ներկայացնել նաև հայերեն երգեր:
Միլենի ամենասիրելի երգիչներից է ռուսաստանաբնակ հայազգի Սերգեյ Հարությունովը՝ Ռուսաստանում և աշխարհում հայտնի ջազ երգիչ Նիկոլայ Հարությունովի որդին:
«Միլենը շատ էր ցանկանում դուետով հանդես գալ Սերգեյ Հարությունովի հետ: Մի օր ուղիղ եթերով դիմեց Սերգեյին, նա չմերժեց, որի համար շատ շնորհակալ ենք նրան: Ապագայում նրանք հանդես են գալու «Երեք հայ սերունդ» ծրագրերով»,- ասաց աղջկա մայրը:
Հավելենք, որ Միլեն Կարանյանը մինչ այս ունեցել է երեք մենահամերգ, ցանկանում է երգել մեծ բեմերում, հանդես գալ բարեգործական համերգներով և օգնել կարիքավոր երեխաներին: