ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` ավելի է հեշտացվել ՀՀ մշտական բնակության համար վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու պրոցեսը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեղեկությունը հայտնեց Գաբրիելյանը` ներկայացնելով, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում։
Հայրենադարձությունը՝ առաջնային խնդիր. Զարեհ Սինանյանն աշխատում է ռուսաստանաբնակ հայերի հետ
«ՀՀ մաքսային գործող օրենքը որոշակի արտոնություն է սահմանում ՀՀ մշտական բնակություն հաստատողների համար։ Սակայն գործող օրենքը որոշակի խնդիրներ է առաջացնում հայրենադարձների համար։ Օրենքը սահմանում էր, որ եթե 5 տարի բացակայել ես երկրից, ապա վերադառնալու դեպքում կարող ես անձնական գույքդ առանց մաքսատուրքի ներմուծել, բայց պետք է հաշվառված չլինես ՀՀ–ում»,–ասաց Գաբրիելյանը։
Այժմ Գաբրիելյանն առաջարկում է 5–ի փոխարեն 3 տարի սահմանել ՀՀ–ից բացակայելու և հետ վերադառնալու դեպքում արտոնություններից օգտվելու ժամկետը։ Բացի այդ, կսահմանվի, որ եթե անձը երեք տարի անընդմեջ չի բնակվել ՀՀ–ում, նա հաշվառումից ինքնըստինքյան դուրս կգա, որպեսզի կարողանա օգտվել արտոնությունից։
Հայրենադարձ ինժեները գերդիմացկուն անօդաչու սարք է ստեղծել
Իսկ արտոնությունը վերաբերում է անձնական գույքը և մեկ տրանսպորտային միջոցն առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծելուն։ Գաբրիելյանը կարծում է, որ տարեկան 2000-3000 ընտանիք կօգտվի այդ իրավունքից։
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն էլ հայտնեց, որ այս արտոնությունից յուրաքանչյուրն իրավունք ունի օգտվել մեկ անգամ։ Նրա խոսքով` օրենքում սահմանված է նաև, որ մեկ տարի ՀՀ–ից բացակայողները և ՀՀ–ում մշտական բնակություն հաստատողները կարող են առանց մաքսատուրքի մինչև 5000 եվրո արժողությամբ ապրանք ներմուծել։
Բացի այդ, արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակն է վերանայվել ու վարչարարությունը քչացվել է։
«Սակայն օրենքը նաև ունի մեխանիզմներ` խարդախությունները կանխարգելելու համար։ Օրինակ` վերջերս 80–ն անց մի կին Վրաստանից Հայաստան է եկել ու իր հետ 2019 թվականի «Բենլթի» էր բերում, իբր` իր գույքն է։ Բնականաբար, նման դեպքերը կանխվում են»,–ասաց Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հայտնել էր, որ 2018թ.–ին Հայաստան ժամանածների թիվը 15 313–ով գերազանցել է մեկնածների թվին. նման բան առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարում։ 2019թ.–ի արտագաղթ–ներգաղթի տվյալները դեռ ամփոփված չեն։