Սկանդալը բավականին տհաճ է, որովհետև երկրի վարչապետը կամ նրան պատկանող լրատվամիջոցն ու ԱԱԾ նախկին տնօրենը միմյանց հասցեին փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում, և ոչ ոք չի կարող ասել, թե որքանով են ճիշտ «Հայկական ժամանակի» պնդումները, կամ որքանով են օբյեկտիվ Վանեցյանի պնդումները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Կա դատախազություն, կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է հանգամանորեն քննեն թերթի հրապարակումը: Ի վերջո, մեր հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու, թե կողմերից ում պնդումներն են ճիշտ, որպեսզի հասկանալի դառնա սկանդալի իրական մոտիվը: Ես ուղղակի զարմանում եմ, որ վարչապետը, նրա ընտանիքը, նրան պատկանող լրատվամիջոցը բողոքում են մի մարդուց, որին դարձրին հեղափոխության Ռոբին Հուդը»,- նշեց քաղաքագետը:
Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգում ու ներշնչում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Կենցաղային խոսակցություն է. Արարատ Միրզոյանը` Փաշինյան–Վանեցյան ընտանիքների բանավեճի մասին
Սուրենյանցը հռետորական հարցադրումներ է անում` ի վերջո ո՞վ է Արթուր Վանեցյանի գործունեության համար քաղաքական պատասխանատվություն կրում: Ըստ նրա՝ եթե ենթադրաբար բոլոր մեղադրանքները ճիշտ են, ապա ո՞վ է այդ ամենի քաղաքական պատասխանատուն, ո՞վ Վանեցյանին ստվերից քաղաքական դեմք դարձրեց, ո՞վ նպաստեց գեներալական ուսադիրներ ստանալուն, նախարարական կարգավիճակ ձեռք բերելուն: Եվ արդյո՞ք վարչապետն այս ամենից հետևություններ է արել, որպեսզի մենք հետագայում տեսնենք ավելի որակյալ ԱԱԾ և ոստիկանություն:
«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր մեծերի անհասկանալի խաղերի մեջ». Արթուր Վանեցյան
«ԱԱԾ ցանկացած տնօրեն տիրապետում է որոշակի տեղեկությունների, որոնք կարող է ինչ-որ փուլում դարձնել շրջանառու: Այլ խնդիր է, որ պետական համակարգի լրջությունը կայանում է նրանում, որպեսզի օրենսդրորեն կարգավորվի այն հարցը, ըստ որի՝ ԱԱԾ տնօրենը պաշտոնավարումից հետո չպետք է օգտագործի նախապես ստացած տեղեկատվություններն իր քաղաքական նպատակներով»,- ասաց Սուրենյանցը:
Նրա համոզմամբ՝ պետք է լինեն ինստիտուցիոնալ կարգավորումներ, որպեսզի ԱԱԾ-ն և ոստիկանությունն իսկապես դուրս բերվեն քաղաքական զարգացումներից և ապագայում չլինեն «նոր վանեցյաններ»: