ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր` հունվարի 14-ին, կրկին հետաձգվեց Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական նիստը։ Մինչ նիստի մեկնարկը դատարանը գրություն էր ստացել ոստիկանությունից, որ դասակի ծանրաբեռնվածության պատճառով ամբաստանյալի ներկայությունն ապահովել հնարավոր չէ: Նիստին ներկա չէին նաև ամբաստանյալի շահերի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները:
«Քրեական օրենսգրքի 303 հոդվածի համաձայն՝ ամբաստանյալի` նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է։ Այս պարագայում հաշվի առնելով և ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 310, 302, 303, 304 և 312 հոդվածներով` դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել, նշանակել դատական նոր նիստ` պատշաճ կարգով ծանուցելով դատավարության մյուս մասնակիցներին դատական հաջորդ նիստի տեղի ու ժամանակի մասին»,- ասաց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով փետրվարի 4-ին:
Արդեն 4-րդ անգամ դատական նիստը հետաձգելու որոշումը բորբոքեց տուժողի իրավահաջորդին ու Ջուլիետա Ղուկասյանի բարեկամներին:
«Արդեն չորրորդ անգամ է` «տուն-տունիկ» ենք խաղում, զարմանալի է։ Սա անարդարություն է։ Արդեն որերորդ անգամ չեմ կարողանում տեսնել այն մարդուն, որն իմ մոր մահվան պատճառ դարձավ: Երկու անգամ նիստը չկայացավ դատախազի, մեկ անգամ` դատավորի, սա էլ` ոստիկանության պատճառով: Մեքենայի հարցն էր, ասեին` մենք ճարեինք: Ես վստահ եմ, որ դատերը միշտ այսպես կհետաձգվեն»,- Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցում այս մասին ասաց Ջուլիետա Ղուկասյանի դուստրը` Անահիտ Ղուկասյանը:
Նշենք, որ դատական նախորդ նիստերից երկուսը հետաձգվել էին դատախազի, մյուսը դատավորի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմանում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան:
Ղուկասյանը, խուսափելով Ռազգիլդեևից, փոխել է իր քայլերի ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ, որտեղ էլ Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ղուկասյան դեպքի վայրից տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է: