ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Գումարը մեկ օրով բանկում ավանդ դնելու դեպքում քաղաքացին դրա դիմաց տոկոսներ չի ստանում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Համազասպ Դանիելյանն առաջարկում են վերականգնել արդարությունն ու համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։
«Ավանդատուներն ավանդը մուտք անելու օրվա դիմաց որևէ տոկոս չեն ստանում, մինչդեռ բանկային հատվածը կարող է, օրինակ, overnight (մեկ օրով) վարկեր տրամադրել և այլն, ու այդ տրամաբանությամբ, այդ ավադատուի սեփականությունը հանդիսացող ավանդի դիմաց որոշակի գումարներ ստանալ»,– այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացնելով` ասաց Արտակ Մանուկյանը։
Նախագծի հեղինակները կարծում են, որ եթե բանկն ավանդատուի գումարից եկամուտ է ստանում, ավանդատուն ևս դրանից պետք է անմասն չմնա։
Սահմանամերձ գյուղերի բնակիչները կկարողանան էլ ավելի հեշտությամբ վարկեր վերցնել
«Մենք փորձել ենք որոշակի գնահատումներ իրականացնել ավանդների միջին մեծության թվաքանակից ելնելով։ 2019թ.–ի առաջին 6 ամսվա տվյալներով` դա մոտավորապես 162 մլն դրամ է, որն այլ հավասար պամաններում ավանդատուների ստանալու փոխարեն, ըստ էության, բանկային հատվածն է ստացել»,– ասաց Մանուկյանը։
Նախագծի հիմնավորումներում նշված է , որ Մանուկյանի հիշատակած գումարի չափով ՀՀ քաղաքացիներին պակաս է վճարվել։
Ավանդատուները բանկերից հանում են իրենց ավանդները. ԿԲ–ն քայլեր է ձեռնարկում
Հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտնեց, որ կառավարությունը դեմ չէ ներկայացված նախագծին։
«Դա նաև մեր շուկայում լավագույն փորձի ներդրումն է։ Այսինքն` հիմա ունենք երկու փորձն էլ` որ ներդրման օրը տալիս են, մյուսները չեն տալիս։ Դա կդառնա օրենք բոլորի համար, այդ առումով ընդունելի է»,– ասաց Երիցյանը։
Հանձնաժողովը հաստատեց հարցն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ներառելու առաջարկը։ Այն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում ու հաստատվելու դեպքում օրենքի ուժ կստանա։
Բո՞ւդ, թե՞ «Օպել». ինչպես են Հայաստանում Ամանորի շեմին աճել վարկերը 2018–ին և 2019–ին