Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի իշխանամետ քաղաքական ուժերն ու հակադիր կարծիքներ ունեցող միավորները դարձան ավելի միասնական՝ մի կողմ թողնելով քաղաքական տարաձայնությունները: Նրանք ավելի շատ կենտրոնացան անվտանգության խնդիրների վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Ինչ վերաբերում է այս օրերին Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` ապա նշեմ, որ դրանք ուկրաինական ինքնաթիռի խոցման վերաբերյալ բանակի գլխավոր շտաբի հայտարարության հետ են կապված և ուղղակի զայրույթի հետևանք են: Երիտասարդներն ու հատկապես ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացրել փողոցներում և բուհերին հարող տարածքներում, բայց դատելով սոցցանցերում տեղադրված տեսանյութերից՝ դրանք մեծաքանակ չեն»,-նշում է իրանագետը:
Ուշագրավն այն է, որ այս անգամ բողոքի ցույցերի մասին առաջինը հայտնել են հենց պաշտոնական լրատվամիջոցները, ինչը բնորոշ չէր բողոքի նախորդ զանգվածային ակցիաների լուսաբանման աշխատանքներին:
Արմեն Իսրայելյանը դժվարանում է ասել, թե արդյո՞ք բողոքի զանգվածային ցույցերն Իրանում կունենան ձնագնդի էֆեկտ ու կհանգեցնեն իշխանափոխության, սակայն նշում է, որ տարբեր տարիներին տարբեր առիթներով տեղի են ունեցել ակցիաներ, և չարժե դրանցից յուրաքանչյուրը կապել իշխանափոխության պահանջի հետ, որովհետև շատ դեպքերում տեղի է ունենում մի նուրբ գործընթաց, ըստ որի՝ առաջ են քաշվում նախևառաջ սոցիալական բնույթի պահանջներ, սակայն ընթացքում հնչում են իշխանափոխության կոչեր և քննադատական գնահատականներ Իրանի արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Որոշ դեպքերում տեղեկատվությունն այնքան հակասական է, որ դժվար է տալ հստակ գնահատական, հետևաբար, իրանագետը վերապահումով է մոտենում առկա հրապարակումներին:
Ինքնաթիռը կործանելու խոստովանությունից հետո Ռոհանին հայտարարություն է արել
Հիշեցնենք, որ հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Հունվարի 11-ի առավոտյան Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով. հակառակորդի օդանավի հետ են շփոթել։
Ավիաաղետի հետևանքով մահացած 176 անձանցից 167-ն Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Աֆղանստանի քաղաքացիներն էին, անձնակազմի 9 անդամները` Ուկրաինայի։
Փրկարարներն աշխատում են ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում. տեսանյութ