ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Այսօր կեսգիշերին սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Երևանի Իսակովի պողոտայում` Ոստիկանության ակադեմիայի դիմաց։
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, «Lada 112» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հարություն Հ.–ն բախվել է ճամփեզրին կայանած, սանմաքրման աշխատանքներ իրականացնող «ԿամԱԶ»–ին, ապա կորցնելով կառավարումը` վրաերթի ենթարկել սանմաքրման աշխատակից 2 կանանց` 66 և մոտ 50 տարեկան։
66–ամյա Ասյա Ս.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Մյուս կինը տեղում մահացել է։
Վթարի մասին հավելյալ տեղեկություններ է հայտնում shamshyan.com–ը։
Հրապարակման համաձայն` կանանց վրաերթի ենթարկած վարորդը Վայոց Ձորի մարզի բնակիչ Հարություն Հարությունյանն է, 27 տարեկան։ Իսկ վրաերթի ենթարկված կանանցից մեկն Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 57-ամյա Բասե Մամոյան է, մյուսը` Երևանի բնակիչ, 66-ամյա Ասյա Սաֆոյանը։
Ըստ կայքի`հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի։