ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հունվարի 10-ին, վաղ առավոտյան` ժամը 05:39-ին, «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի» ննջասենյակներից մեկում: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի վայր են մեկնած հրշեջ-փրկարարները տարհանել են կենտրոնի 2 աշխատակցի և 10 երեխայի։
22–ամյա Ռոման Է.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է առաջին հարկում գտնվող հիվանդասենյակներից մեկում։ Սենյակն ամբողջությամբ ծխահարվել է, մասամբ այրվել է գույքը:
Ժամը 06։ 15-ին հրդեհը հաջողվել է մարել։
«Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնից» Sputnik Արմենիային հայտնեցին, որ հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Հիվանդասենյակներում կան էլեկտրական տաքացուցիչներ, որոնք կարող էին հրդեհի պատճառ լինել։ Մեկ այլ վարկածով հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ հիվանդանոցը հրդեհի հետևանքով շատ չի տուժել։