ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտության կոմիտեի նախագահ է նշանակել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին նշանակել Գիտության կոմիտեի նախագահ»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ։
Հայոցյանը մինչ այս կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետն էր։ Նա քիմիական գիտությունների թեկնածու է։
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին` դեկտեմբերի 24–ին, հայտնի դարձավ, որ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ հարկավոր է ճիշտ ժամանակին տեղը զիջել երիտասարդներին, որոնք պետք է շարունակեն սկսած գործը։