ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Կայուն շարունակվող այս տաք և չոր օրերն արդեն ոչ թե ուրախալի են, այլ խիստ մտահոգիչ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով»,– գրել է նա։
Սուրենյանը հավելել է նաև, որ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ո՛չ լուրջ տեղումներ են սպասվում, ո՛չ էլ ջերմաստիճանի անկում, ավելին` հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։
«Ավելի տաք Հայաստանը»` Սուրենյանի նախընտրական քարոզարշավի կարգախոս. օգտատերերը կատակում են
Օդերևութաբանության կենտրոնի պետն այս տեղեկությունը հաղորդելուց բացի նաև օգտատերերից մեկի տրամադրած լուսանկարն է հրապարակել։ Նա գրել է, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ձնծաղիկները ծաղկել են։