Սուրենյանցի համար սպասելիքները շատ ավելի բարձր նշաձողի վրա էին, քան տեսանելի են արդյունքները: Իշխանություններից գոնե սպասվում էր, որ դատական համակարգի բարեփոխումների հարցում պետք է վերջնական լուծումներ գտնվեին, որովհետև խոսվում էր վեթինգի և անցումային արդարադատության մասին, սակայն այդպես էլ հանրությունը չտեսավ որևէ դատական ռեֆորմ, և տարին ամփոփվեց դատական համակարգի շուրջ առկա լուրջ ճգնաժամով:
«Իհարկե, եղան հակակոռուպցիոն բացահայտումներ, բայց դարձյալ ինստիտուցիոնալ հիմքեր և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ քայլեր չտեսանք: Այսինքն՝ տարվա նշաձողն իշխանությունից ավելի բարձր էր, քան այն, ինչ մենք ստացանք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Սուրենյանցի դիտարկմամբ՝ անցնող տարին նշանավորվեց նրանով, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների նկատմամբ հեղափոխության թիմն ուներ տոտալ վերահսկողություն, ուստի ակնկալվում էր, որ բարեփոխումներն ավելի մեծ տեմպ կունենային: Տնտեսական քաղաքականության մեջ նույնպես խոսվում էր բարձր ցուցանիշների մասին, սակայն ներառական տնտեսական աճ, ըստ նրա, հանրությունը տակավին չի տեսնում:
Սուպերվարչապետական համակարգը, Սուրենյանից գնահատմամբ, նույնպես չչեղարկվեց, և այսօր գործ ունենք նույն ինստիտուցիոնալ համակարգի հետ, որը կար Սերժ Սարգսյանի ժամանակ, և որը նպաստում է անձնիշխանության հաստատմանը:
Այս պարագայում, ըստ նրա, երկրորդական է դառնում խորհրդարանի դերակատարությունը, իսկ կառավարությունն ամենևին չի հիշեցնում քաղաքական թիմի: Քանի դեռ իշխանության վարկանիշը բարձր է, նա պետք է ձեռնամուխ լինի համակարգային բարեփոխումների, հակառակ պարագայում սուրենյանցը համոզված է, որ հետո ուշ կլինի:
Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները
Քաղաքագետի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունից չարժե մեծ ակնկալիքներ ունենալ, որովհետև անում են այնքան, որքան թույլ է տալիս մանդատների սահմանափակ քանակը, ուստի որևէ ազդեցություն չեն կարող ունենալ խորհրդարանի գործունեության վրա, իսկ ԱԺ մեծամասնությունն էլ ամորֆ զանգված է հիշեցնում:
Արտախորհրդարանական դաշտում հին համակարգին ընդդիմություն համարելը, ըստ քաղաքագետի, դժվար է, որովհետև ՀՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանի համակիրները ռեբրենդինգի չեն ենթարկվել ու շարունակում են հասարակության կողմից մնալ մերժված, հետևաբար չեն կարող իրական այլընտրանքի հայտ ներկայացնել: