ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը գոհ է կայծակնային շախմատի աշխարհի 2019 թվականի առաջնության առաջին երեք տուրի արդյունքներից։ Դեկտեմբերի 26-30-ը Մոսկվայում անցկացվում է Արագ և կայծակնային շախմատի աշխարհի 2019թ․ առաջնությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մրցաշարի մեկնարկը բավականին հաջող էր։ Երրորդ փուլում ռուսաստանցի Պավել Պոնկրատովի հետ խաղը ոչ ոքի ավարտվեց։ Ամեն ինչ նորմալ է ընթանում, պետք է արժանապատվորեն խաղալ հաջորդ երկու փուլում ու դեպի ապագա նայել։ Բայց դեռ դժվար է գնահատել` ինչ մարզավիճակում եմ գտնվում», – ասել է Արոնյանը։
Պատանիները ձգտում են նմանվել անվանի շախմատիստներին. Հակոբյանը` Հնդկաստանի մրցաշարի մասին
Նա նշել է, որ Լուժնիկիում անցկացվող մրցաշարը լավ է կազմակերպված։ Մրցաշարն իր դերակատարությունը կունենա շախմատի հանրայնացման գործում, քանի որ Մոսկվան, Արոնյանի կարծիքով, մեծ ավանդույթներ ունեցող շախմատային քաղաք է։
«Աստղերի մասնակցությամբ հենց այդպիսի մրցաշարերի շնորհիվ է կարելի զարգացնել մարզաձևը։ Պատանիների համար շատ կարևոր է տեսնել Մագնուս Կառլսենին (նորվեգացի աշխարհի չեմպիոն) և մյուսներին»,–ասել է հայ շախմատիստը։
Մրցաշարին մասնակցում են ավելի քան 250 շախմատիստ, որոնց թվում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Մասնակիցների թվում է նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։
Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Մանուել Պետրոսյանը և Արման Փաշիկյանն առաջին տուրում ոչ ոքի խաղացին։
Նշենք, որ Ռուսաստանն այս մրցաշարը հյուրընկալում է 2-րդ տարին անընդմեջ։