ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանում ոստիկաններն ու քննիչները հանցագործության վայրում բռնել ու վնասազերծել են բնակարանային գողերի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` նրանք, վտանգելով իրենց կյանքը, լայնածավալ օպերատիվ-հետախուզական և համալիր գործողությունների արդյունքում դեկտեմբերի 25-ին, ժամը 15։00-ի սահմանում Նորք Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 57 շենքից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։
Այդ քաղաքացիներն են Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածում հաշվառված 46-ամյա Էդուարդ Պետրոսյանը, Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ՝ 47-ամյա Գրիգոր Մանուկյանը և Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Սուրեն Զարոյանը։
Կայքի տեղեկություններով՝ Ս. Զարոյանը բերման ենթարկվելու պահին իր մոտ եղած գազային գլանանոթով մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարություն Գևորգյանին և ոստիկանության Ավանի բաժանմունքի ավագ օպերլիազոր Սերգեյ Բասոյանին։
Հրազդանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 30–ամյա կնոջն ու փախել
Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն, քանի որ Զարոյանը գազի «բալոնչիկը» փչել էր իրեն վնասազերծած ոստիկանների դեմքին։
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, և նշված անձինք ՀՀ քր. օր-ի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով (գողություն) որպես կասկածյալներ ձերբակալվել են։
Ս. Զարոյանը. Գ. Մանուկյանն ու Է. Պետրոսյանը, հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ, հարմարեցված բանալու միջոցով բացել են Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլյնուսի փողոցի 57 շենքի 9-րդ բնակարանի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, կանխիկ գումար ու երբ փորձել են նույն ճանապարհով դուրս գալ, հենց «բնի մեջ» ոստիկանների ու քննիչների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ վնասազերծվել են։
Ոստիկաններն ու քննիչները նրանց մոտ հայտնաբերել են գողոնը, ինչպես նաև մեծ թվով բանալիներ, դռներ բացելու հատուկ գործիքներ։